«Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Եթե նույնիսկ բոլոր այս անվստահության հիմքում ընկած, ընկալման էդպիսի հիմքում ընկած փաստարկները իրավացի և արդարացի չեն, եթե նույնիսկ էդպես չեն, այն, որ հանրությունը իր Սահմանադրական դատարանին չի վստահում, դա արդեն մեծ խնդիր է, ես կասեի՝ դա իրավական անվտանգության հարց է նույնիսկ, և էս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի», - շեշտեց ԱԺ նախագահը՝ շարունակելով․ - «Այո, իհարկե, իրավական ճանապարհով, որովհետև ընդհանրապես իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից մենք հռչակել ենք իբրև հիմնարար սկզբունք և էդպես էլ պիտի շարունակենք կառուցել պետականությունը: Բայց նաև չմոռանանք, որ, այնուամենայնիվ, կա ընդհանուր, բացի գրված օրենքներից, կա նաև էդ օրենքների ոգին, կա իրավունքի փիլիսոփայությունը»:
«Եվ ի վերջո, հանրույթը, տվյալ դեպքում՝ հայ ժողովուրդը, երբ որ հավաքվել է և որոշել է ստեղծել անկախ պետականություն, նաև որոշել է, որ պետք է լինի այսինչ մարմինը, որպեսզի սա անի, այսինչ մարմինը, որպեսզի սա անի, և գրել է դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Հիմա, եթե էդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ էնպես չի աշխատում, կամ ժողովուրդը վստահություն չունի այլևս, դա պետք է, այդ նույն փիլիսոփայությունից ելնելով, էդ նույն տրամաբանության շրջանակներում փոփոխությունների ենթարկվի: Ես էստեղ մեծ խնդիր չեմ տեսնում», - ասաց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, խորհրդարանը պատրաստվում է հոկտեմբերի սկզբին քննարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը:
Անցած շաբաթվա սկզբին Ազգային ժողովի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ևս ընդգծել էր Սահմանադրական դատարանի հարցում հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները և խորհրդարանին կոչ արել դիրքորոշում արտահայտել տվյալ իրավիճակի կապակցությամբ: