Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը ԱԺ-ն կքննարկի հոկտեմբերի սկզբին


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը խորհրդարանը կքննարկի հոկտեմբեր սկզբին մեկնարկող լիագումար նիստում:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Ազգային ժողովը գնում է իրավական ճանապարհով, թեև քննադատներն այն քաղաքականացնելու փորձեր անում են․ - «Այն, ինչ որ կատարվում է, ըստ էության, հավուր պատշաճի է իրականացվում և Սահմանադրության նորմերին համապատասխան»:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման 94 էջանոց նախագծում մանրամասնորեն ներկայացված են այն էական կարգապահական խախտումները, որոնք Սահմանադրական դատարանը թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում: Հղում անելով հայաստանյան օրենսդրությանն ու միջազգային պրակտիկային՝ նախագծում հիմնավորվում է, որ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը:

«Խորհրդարանը հիմքերն է քննարկելու, իսկ դրանց գնահատումը Բարձր դատարանի տիրույթում է»,- ասաց պատգամավորը: - «Խմբակցության դիրքորոշումը պայմանավորված է Սահմանադրական դատարանում առկա այն հիմքերի հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից»:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմքերից է նրա և Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերությունները: Այդ բարեկամության մասին նրանք հաստատել են վերջին շրջանում տված հարցազրույցներում:

Իշխանական պատգամավորն ընդգծեց, որ Քոչարյանի գործով ՍԴ-ում ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է, ոչ թե Օրբելյանը․ - «Բայց գործի նյութերի ուսումնասիրությունը, Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ Սահմանադրական դատարան դիմելու նախապատրաստման փուլում Արամ Օրբելյանը որոշակի մասնակցություն է ունեցել: Քավոր-սանիկական հարաբերությունները, ըստ իս, բավարար չեն, որպես այդպիսին: Բայց հարաբերությունների բնույթը, փոխկապակցվածությունը և այլն, կարող են բավարար լինել»:

Նախագիծն երեկ է ուղարկվել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին: Ոչ բոլոր պատգամավորներն են հասցրել ուսումնասիրել ներկայացված հիմքերը: Խմբակցությունների դիրքորոշումները դեռ պարզ չեն, անհատական կարծիքներն էլ՝ զգուշավոր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ընթերցել է նախագիծը, բայց, ասաց, քննարկումից շատ բան է կախված․ - «Կարող է այնտեղ ինչ-որ մի բան է գրված, որ Ազգային ժողովի մի պատգամավոր բոլորովին այլ հերքում է բերում: Ես ի՞նչ իրավունք ունեմ ի սկզբանե կասկածի տակ դնել «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնության իրավաչափությունը: Առավել ևս հիմք չունեմ չհիմնավորված համաձայնության արտահայտություն անել: Գիտե՞ք ինչու եմ ձեռնպահ մնում: Որովհետև ես բազմաթիվ անգամ դեմ եմ այն կարծիքին, որ այսօր Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Հիմա ես ինչ ասեմ, պիտի ասեն՝ հա, Պետրոսյան Գևորգը կանխակալ վերաբերմունք ունի: Ինձ համար որևէ տեսակետ ինքնին ընդունելի չէ, ինչպես մատաղը, և ինքնին հերքելի չէ, ինչպես ապօրինությունը: Դրա համար այդ նախաձեռնությունը կքննարկվի, կարծիքներ կհնչեն, մենք ձեռնպահ չենք մնա այդ կարծիքներին մեր կարծիքը գումարելուց»:

Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի անկողմնակալությունը կասկածի տակ է դրվում նաև նրա նախկինում ՀՀԿ-ին անդամակցելու փաստով: Ըստ նախագծի, Քոչարյանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի քրեական գործով:

Հրայր Թովմասյանը իր մասնակցելու անհնարինության բազմաթիվ հիմքերի առկայության պարագայում գործը վարույթ ընդունելու փուլից խուսափել է դրանց մասին բարձրաձայնել: Անգամ այն դեպքում, երբ իր մասնակցության անհնարինութան վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Առանց դատավորի միջնորդությունը քննելու, անցել են Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման կայացմանը:

Վլադիմիր Վարդանյան․ - «Վահե Գրիգորյանը ներկայացրել է իր մոտեցումը, երբ որ դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր: Ասել է՝ որոշակի կաշկանդվածություն ունեմ այս գործով և ես չեմ կարող այս գործով օբյեկտիվ, անաչառ և անկողմնակալ դատարանի համար նախատեսված չափանիշների համաձայն մասնակցություն ունենալ, հետևաբար ես խնդրում եմ քննարկել իմ հարցը: Սահմանադրական դատարանը քննարկել է այդ դիմումը և որոշման է եկել, որ՝ գիտեք, պարոն Բահե Գրիգորյան, Դուք նման ինֆորմացիա եք մեզ հայտնել, որ Դուք հանդիսացել եք կողմի ներկայացուցիչ, և այդ պատճառով մենք որոշում ենք, որ Դուք չեք կարող մասնակցել այս գործի քննությանը: Հիմա, նման ընթացակարգ մյուս դատավորները, ովքեր ևս որոշակի առնչություն են ունեցել այս գործին, արե՞լ են, թե՞ ոչ: Կարծես թե որևէ ինֆորմացիա դրա վերաբերյալ մենք չունենք»:

Մինչև լիագումար նիստը նախագիծը պետք է քննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ դեռ չի քննարկել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմքերը:

Պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ ակնկալում է հանձնաժողովում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները․ - «Այդ հիմքերը առանձին-առանձին վերցրած բավարար չեն: Դրանց կումուլյատիվ էֆեկտը դեռևս վերջնական համոզմունք իմ մոտ չի առաջացրել, որ առկա է կարգապահական էական խախտում»:

Թեև խորհրդարանական մեծամասնությունն է նախաձեռնել այս գործընթացը, բայց վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է: Եթե որոշումը խորհրդարանն ընդունի, իսկ ընդունելու համար իշխող «Իմ քայլ»-ի ձայներն էլ բավարար են, վերջում Սահմանադրական դատարանն է լիազորությունների դադարեցման որոշումը կայացնելու:

Հրայր Թովմասյանը չի կարող իրեն վերաբերող դիմումի քնությանը մասնակցել: Ութ դատավորից առնվազն վեցի քվեն բավարար է որոշում ընդունելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG