«Հանրությունը դա գնահատել է ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ»․ ԱԺ նախագահի հայտարարությունը

Աշնանային առաջին նիստը խորհրդարանում ավարտվեց կարևոր հայտարարությամբ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միզրոյանն այսօր առաջին անգամ բարձր ամբիոնից խոսեց Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի և այդ ուղղությամբ Ազգային ժողովի անելիքների մասին:

«Հետևելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները», - ասաց խորհրդարանի խոսնակը՝ ներկայացնելով դրանք:

Մինչև Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, Սահմանադրական դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը: Այդ միջնորդությամբ Վահե Գրիգորյանը բարձրաձայնել է Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ կազմից Հրայր Թովմասյանի․ Հրանտ Նազարյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցության անհնարինության հարցը՝ Քոչարյանի նկատմամբ նրանց կողմնակալության հիմքով: Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի ցուցաբերած շտապողականությանն իր հատուկ կարծիքում անդրադարձել է նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

«Այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար», - նշեց Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի թույլ տված ընթացակարգային խախտումներին: Խոսքը սահմանդրական կարգի տապալման մեղադրանքի 300․1 հոդվածի սահմանադրականությունը պարզելու դիմումի մասին է, որի քննությունը կասեցվել է և այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավուքների եվրոպական դատարան:

«Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարություններից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այսօր չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղած իր դիմումների հայերեն տեքստը: Երրորդ, Սահմանադրական դատարանի ինքնավարության և քաղաքական ազդեցության մասով», - տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:

Բարձր դատարանի նախագահի պաշտոնում, ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ընտրվելու օրինականությանն էլ անդրադարձավ Ազգային ժողովի նախագահը․ - «Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, Սահմանադրական դատարանի դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև՝ ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ»:

Խորհրդարանի ղեկավարն իր ելույթը ավարտեց եզրահանգմամբ, թե Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված մարմին, Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի:

Այսօր ավելի ուշ իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանդրական դատարանի որոշմանը, ասաց, որ այն ապօրինի է․ - «Սահմանադրական դատարանի երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում: Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը կայացրել ապօրինի որոշում: Գիտեք ինչու: Գիտեք ով է Սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ, ում միջոցով և ում համար է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ»:

Վարչապետն էլ շեշտեց որոշումն ընդունած անդամներից երկուսի առնչությունը նախկինում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը․ - «Ասեմ, որ այդ որոշումը ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն, և անհասկանալի է, թե ինչու նրանք ինքնաբացարկ չեն հայտնել և ինչու են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը: Կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը նկատի է ունեցել, որ այս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան: Այսինքն Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ: Այդ Սահմանադրական դատարանը իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակ է»:

Թե ինչ քայլեր են հաջորդելու Ազգային ժողովի նախագահի հայտարարությանը, վարչապետն էլ դժվարացավ ասել: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այսօր այս օրակարգով նիստ էր հրավիրել: