Մատչելիության հղումներ

ՍԴ որոշումը զավեշտ է, անհիմն և որևէ հետևանք չի առաջացնում․ նախկին դատավոր Պարգև Օհանյան


«Ազատության» տաղավարում է նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին Սահմանադրական դատարանի որոշման հիմքում մեղադրյալին արձակել և ընդհանրապես քրեական հետապնդումը դադարեցնել: Եթե Դուք լինեիք խորհրդակցական սենյակում, ինչպե՞ս կվարվեիք:

Օհանյան․ - Իմ համոզմամբ, ՍԴ որոշումը ոչ մի տրամաբանության չի դիմանում և որևէ հետևանք չի առաջացնում թե՛ խափանման միջոցի, թե՛ քրեական հետապնդումը դադարեցնելու առումով:

«Ազատություն»․ - Դատախազությունն ասում է, որ գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները չեն բխել իր կարգավիճակից: Ընդհանրապես կա՞ մի ատյան, որը կարող է դա գնահատել: Դատախազությունն իրավասո՞ւ է:

Օհանյան․ - Սահմանադրական դատարանն ասում է, որ 35-րդ հոդվածում չկա համապատասխան նորմ, որի պարագայում պիտի դադարեցվեր քրեական հետապնդումը անձեռնամխելիության հիմքով, բնականաբար և խափանման միջոցը վերացվեր: Մյուս կողմից, նույն ՍԴ-ն ասում է՝ միևնույն ժամանակ չկան մարմինները և համապատասխան ընթացակարգ, որ որոշի, թե Ռոբերտ Քոչարյանի գործողությունները բխե՞լ են կարգավիճակից, թե՞ չեն բխել: Հարց է առաջանում․ եթե լիներ 35-րդ հոդվածում հիմքը, ի՞նչ էր փոխվելու, եթե դու ասում ես, որ չկա ընթացակարգ, չկա մարմին, որը պիտի որոշի: Իհարկե լուրջ չէ և տրամաբանական չէ, որովհետև մարմինն էլ կա, ընթացակարգն էլ կա: Մարմինը վարույթն իրականացնող մարմինն է, այսինքն՝ քննիչ, դատախազի վերահսկողություն և ի վերջո դատարան: Իսկ ընթացակարգն էլ դատավարությունն է:

«Ազատություն»․ - Այսինքն դատախազության այդ գնահատողական բնույթի եզրակացությունը լիուլի բավարար է պնդելու, որ Քոչարյանի գործողությունները չեն բխել նախագահի կարգավիճակից:

Օհանյան․ - Այո:

«Ազատություն»․ - Այդ դեպքում ինչո՞ւ է դատարանն ասում, որ այնուամենայնիվ օրենքը դա չի կարգավորում: Ու եթե չի կարգավորում, չի՞ նշանակում արդյոք, որ առնվազն պետք է կասեցնել վարույթը, մինչև օրենքում փոփոխություն կկատարվի:

Օհանյան․ - Տեսեք նրբությունն ինչում է: Սահմանադրական դատարանը համալիր մոտեցում է ցույց տալիս և զուգահեռ է անցկացնում անձեռնմխելիությունից օգտվող բոլոր պաշտոնատար անձանց՝ հաշվի չառնելով, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, որ ունի անձեռնմխելիություն, գոյություն ունի որոշակի ընթացակարգ: Ասենք, պատգամավորի դեպքում ԱԺ-ն է տալիս համաձայնություն: Ի դեպ, խոսքն այստեղ համաձայնության մասին է, որը կարող է տալ, կարող է չտալ: Կյանքը ցույց է տալիս, որ միշտ էլ տալիս են: Ինչևէ: Դատավորին ԲԴԽ-ն է տալիս, Մարդու իրավունքների պաշտպանին՝ դարձյալ Ազգային ժողովը: Նախագահի դեպքում չկա այդ մարմինը: Ինչո՞ւ չկա, ըստ իս: Թեև կարելի է համարել, որ դա բաց է, բայց դա 35-րդ հոդվածի հետ կապ չունի: Դա հենց Սահմանադրության մեջ պիտի լիներ: Բայց բաց էլ չկա: Ասեմ ինչու: Որովհետև համապատասխան հոդվածը՝ 140-րդը, որտեղ ասում է, որ նախագահը անձեռնմխելի է, նա չի կարող կանչվել քրեական պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Հետո ավելացնում է երրորդ կետը, ասում է՝ եթե չի բխում, կարող է կանչվել իր պաշտոնավարումից հետո: Վերջ: Այստեղ ի՞նչ ընթացակարգի մասին է խոսքը, ի՞նչ համապատասխան մարմնի մասին է խոսքը։ Սա զուտ գնահատման հարց է մնում: Պարզից էլ պարզ է, որ պիտի անցնի ընթացակարգ, այսինքն դատավորություն, անպայման դատարան պիտի հասնի:

«Ազատություն»․ - Այսինքն պետք է սպասել, որ հիմա դատարանը ապացույցների հիման վրա հասկանա Քոչարյանի գործողությունները ինչից են բխել:

Օհանյան․ - Միանշանակ: 140-րդ հոդվածի երրորդ կետում ասում է՝ նախագահը իր կարգավիճակից չբխող գործողությունների համար կարող է ենթարկվել պատասխանատվության: Թող քննեն, որոշեն: Ասեմ զավեշտ է, թե ասեմ շատ տխուր է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության անտեսում է դատարանը, քննչականը, դատախազությունը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG