Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրվահաջորդներրի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեկնաբանում է Մարտի 1-ի գործով առնցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։
Տիգրան Եգորյան․ - Այս որոշումը՝ այս Սահմանադրական դատարանի անունից գործող անձանց կողմից կայացված, հակասահմանադրական է, այն հակասում է Սահմանադրությանը, այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին: Սրա իրագործման հետ առնչվելու է գործադիր իշխանությունը, առնչվելու է օրենսդիր իշխանությունը, առնչվելու է դատական իշխանությունը, առնչվելու է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Էս սահմանադրական մարմիններից յուրաքանչյուրը իր հերթին պատասխանատու է Սահմանադրության պահպանման և կատարման համար:
Այստեղ պետք է շատ հստակ կարծրատիպերից դուրս գալ: Եթե մի մարմնի անուն Սահմանադրական դատարան է, սա դեռ չի նշանակում, այսպես ասած, ճշմարտության գագաթնակետ: Ե՛վ Սահմանադրական դատարանը իր հերթին, իր լիազորությունների շրջանակներում, և՛ գործադիր իշխանությունը, և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ դատական իշխանությունը, և՛ Հանրապետության նախագահը պատասխանատվություն են կրում իշխանության տերը հանդիսացող ժողովրդի առջև Սահմանադրության պահպանման համար: Եվ այս երդմամբ են նրանք առհասարակ ստացել ժողովրդի իշխանությունը: Այս երդման շրջանակներում նրանք Սահմանադրությունը պարտավոր են պաշտպանել՝ այդ թվում նաև Սահմանադրական դատարանից, ինչպես Սահմանադրական դատարանն իր հերթին պաշտպանում է Սահմանադրությունը գործադիր, օրենսդիր կամ դատական իշխանությունից, այնպես էլ սրանցից յուրաքանչյուրը կամ բոլորով միասին իրավազոր են պաշտպանելու Սահմանադրությունը Սահմանադրական դատարանից և կամ ավելի կոնկրետ՝ Սահմանադրական դատարանի անունից հանդես եկող, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններ չունեցող անդամներից և որպես անկախ և անաչառ դատավորներ հանդես չեկող դատավորների կամ անդամների անունից հրապարակված որոշումից:
Հենց ցանկացած այն կետում, երբ որևէ մեկը կձեռնարկի Սահմանադրական դատարանի անունից հրապարակված այս հակասահմանադրական որոշման գործադրման գործողություն, հենց այդ կապակցությամբ և այդ պահին այդ մարմինը իրավասու է կայացնելու որոշում:
Այդ որոշումը կարող է լինել ինչպես Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը գործադրելու, այնպես էլ չգործադրելու մասին:
«Ազատություն»․ - Դա հետևաքներ չի՞ առաջացնի, եթե գործադիրը դա չկատարի:
Տիգրան Եգորյան․ - Նրանք ազատ են, օրինակ, վիճարկել այդ չկատարումը, օրինակ, դատական համակարգում:
«Ազատություն»․ - Կա՞ այդպիսի հնարավորություն՝ գնալ և դատական համակարգում վիճարկել:
Տիգրան Եգորյան․ - Ինչո՞ւ ոչ:
«Ազատություն»․ - Եվ այդ ընթացքում այս որոշումը չպիտի՞ կյանքի կոչվի:
Տիգրան Եգորյան․ - Դե՝ եթե գործադիր մարմնին դիմում եք, ասում եք՝ գործադրիր այս որոշումը, իսկ գործադիր մարմինը ասում է, որ՝ ներեցեք, բայց այս որոշումը հակասահմանադրական է, այն չի կարող գործադրվել հենց նույն Սահմանադրական դատարանի 918 որոշման հիման վրա: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման կիրառմամբ այսօր հրապարակված որոշումը չի գործադրվում: Գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի այսպիսի որոշումն ու դիրքորոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Դատական իշխանության որևէ ատյանի՝ դրա կապակցությամբ որոշումը կարող է վիճարկվել ավելի բարձր ատյանում:
«Ազատություն»․ - Մինչև այդ՝ սեպտեմբերի 12-ին պետք է մեկնարկի դատավարություն և դատավոր Դանիբեկյանը պետք է գործը սկսի:
Տիգրան Եգորյան․ - Դատավոր Դանիբեկյանը իր հերթին, եթե այդ հարցը բարձրացվի իր առջև, պետք է քննարկի և լուծի այս հարցը՝ մտքում պահելով և մանրամասն ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի 918 որոշումը և մեր կողմից այդ պահին, այդ ժամանակահատվածում ներկայացված այն դիրքորոշումները, որ ես հիմա ներկայացրեցի:
«Ազատություն»․ - Դուք կարո՞ղ եք որևէ նախադեպ բերել, երբ որևէ դատավոր ասել է՝ Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական է և ես այն չեմ կատարում:
Տիգրան Եգորյան․ - Այս վերջերս Վճռաբեկ դատարանը հանդես եկավ այդպիսի ակտով, ասելով, որ Սահմանադրական դատարանը միջամտում է դատական իշխանության իրավասության տիրույթ և սա խախտում է Սահմանադրությունը:
Փաստաբան Տիգրան Եգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև․