Չնայած Թբիլիսիի և Մոսկվայի միջև առկա քաղաքական խնդիրներին, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների և ուղիղ ավիաչվերթների բացակայությանը` Ռուսաստանի բնակիչների զգալի մասը շարունակում է դրական վերաբերմունք ցուցաբերել Վրաստանի հանդեպ: Դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի` այս շաբաթ հրապարակած նոր հետազոտության արդյունքները:
Դրանց համաձայն, ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը նշել է, որ Վրաստանի հանդեպ դրական կամ շատ դրական վերաբերմունք ունի: Հարցված ռուսաստանցիների 35 տոկոսը, հակառակը, պնդում է, որ վրացական պետության հանդեպ բացասական է տրամադրված:
«Լևադա» կենտրոնի մասնագետները նաև փորձել են պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն ռուսաստանցիները Միացյալ Նահանգների և Եվրամիության հանդեպ: Պարզվում է, որ այսօր ԱՄՆ-ի հանդեպ դրականորեն և բացասականորեն տրամադրված Ռուսաստանի բնակիչների թիվը գրեթե հավասար է` 42 տոկոսը ամերիկացներին սիրում է, 44 տոկոսը`ոչ:
Եվրամիության վարկանիշը Ռուսաստանում ավելի բարձր է: Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 50 տոկոսն ասել է, որ ԵՄ-ի նկատմամբ դրական զգացողություններ է տածում: Եվրոպական կառույցների հանդեպ քննադատաբար տրամադրված ռուսաստանցիների թիվը, ըստ «Լևադա» կենտրոնի, հասնում է մեկ երրորդի:
«Իսկ արդյո՞ք Ռուսաստանը եվրոպական երկիր է», - մոսկվացի սոցիոլոգներին այս հարցին դրական է պատասխանել հարցվածների միայն 37 տոկոսը: Համեմատության համար` ավելի քան 10 տարի առաջ` 2008 թվականի օգոստոսին, Ռուսաստանը եվրոպական երկիր էր համարում այդ երկրի բնակիչների 52 տոկոսը:
Ուշագրավ է, ի դեպ, որ այսօր հարցված երեք ռուսաստանցիներից միայն մեկն է իրեն եվրոպացի համարում: «Լևադա» կենտրոնի հարցման համաձայն՝ Ռուսաստանի բնակիչների 63 տոկոսը նշել է, որ իրեն եվրոպացի չի համարում: