Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է Երևանով դեպի Ռուսաստան տարանցիկ չվերթները


Հայաստան - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Հայաստան - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Վրաստանի կառավարությունը ուղղակի ֆինանսական աջակցություն կցուցաբերի երկրի խոշորագույն ավիաընկերությանը` «Վրացական ավիաուղիներ»-ին՝ Երևանով դեպի Ռուսաստան տարանցիկ թռիչքներ իրականացնելու համար:

«Վրաստանի կառավարության երեկ կայացրած որոշման համաձայն՝ «Վրացական ավիաուղիներ»-ին առաջիկա շաբաթներին շուրջ 600 հազար եվրո կտրամադրվի Երևանի օդանավակայանով դեպի Թբիլիսի ու Բաթումի թռիչքներ իրականացնելու համար», - հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

«Կառավարությունը պատրաստվում է խթանել ավիափոխադրումները երեք ուղղություններով` Լոնդոն, Բրյուսել և Երևան: Երևանյան ուղղությունը խիստ կարևոր է նաև այն վրացիների համար, որոնք բնակվում են Ռուսաստանում և Վրաստան ժամանելու հարցում դժվարությունների են բախվել», - «Ազատության» վրացական ծառայությանն ուղարկած պաշտոնական պարզաբանման մեջ նշել է վրացական ավիացիայի ղեկավարներից մեկը` «Վրաստանի օդանավակայանների միավորում» ընկերության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:

«Վրացական ավիաուղիներ»-ին շուտափույթ պետական սուբսիդավորում տրամադրելու անհրաժեշտությունը ծագեց հունիսի վերջին Ռուսաստանի նախագահի կողմից կայացված որոշումից հետո, որով հուլիսի 8-ից սկսած Ռուսաստանի և Վրաստանի միջև բոլոր ուղիղ չվերթները դադարեցվում էին անորոշ ժամկետով:

Պաշտոնական Մոսկվայի այս քայլից հետո «Վրացական ավիաուղիներ»-ը Հայաստանում գործող գործընկեր ավիաընկերության` «Արմենիա»-ի միջոցով ռուսաստանցի զբոսաշրջիկների տարանցիկ տեղափոխման ծրագիր նախաձեռնեց: Հիշեցնենք, որ «Արմենիա»-ի հիմնադիրներն են «Վրացական ավիաուղիներ»-ի սեփականատերերը, մասնավորաբար՝ թբիլիսցի գործարար Թամազ Գաիաշվիլին:

Հունիսի վերջին արդեն «Արմենիա»-ն Երևան-Մոսկվա թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացավ, մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն էլ՝ «Վրացական ավիաուղիներ»-ի տրամադրության տակ գտնվող երկու Boeing 737-700 օդանավերից մեկը տեղափոխվեց «Զվարթնոց» օդանավակայան և վերագրանցվեց Հայաստանի օդանավերի ռեգիստրում:

Վրաստանի ընդդիմադիր և փորձագիտական շրջանակներում, սակայն, կառավարության այս որոշումը մեծ ոգևորություն չի առաջացրել:

Ընդդիմադիրների համոզմամբ՝ կառավարությունն իր այս քայլով երկրի տնտեսությունը կախվածության մեջ է դնում Ռուսաստանից:

«Ինչո՞ւ իշխանությունները չեն սուբսիդավորում այլ երկրներից զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան, ինչո՞ւ է նրանց ընտրությունը կանգ առել հենց ռուսաստանցիների վրա: Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը տնտեսական կախվածության մեջ հայտնվի Ռուսաստանից, իսկ այդ կախվածությունը Մոսկվայի ձեռքում վերածվում է քաղաքական ազդեցության հզոր լծակի», - նշում է «Ազգային միացյալ շարժման» պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:

Թբիլիսցի տնտեսագետները ևս քննադատում են կառավարության այս որոշումը՝ պնդելով, թե նման գործողությունները կարող են լուրջ բացասական հետևանքներ ունենալ նախևառաջ եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում:

«Ցավոք սրտի, վրացական կառավարությունն իր այս քայլով նախադեպ է ստեղծում: Այս քայլով խախտվում են ավիացիոն ոլորտի եվրոպական կարգավորումները, որոնցով արգելվում է մասնավոր ավիաընկերության սուբսիդավորումը պետական բյուջեից», - նշում է Hub Georgia կազմակերպության ղեկավար Վասո Ուրուշաձեն:

Տնտեսագետ Գիգա Բեդենեիշվիլիի համոզմամբ էլ՝ այս քայլը ճիշտ չէ նախևառաջ կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականության տեսանկյունից:

«Կառավարությունը գումարը վերցնում է քաղաքացիներից և այդ գումարով օժանդակում տնտեսության առանձին վերցված մեկ սեկտորին: Որքան էլ զբոսաշրջությունը կարևոր լինի, ինչո՞ւ պետք է դրան աջակցելու գործում ներգրավված լինի երկրի ողջ բնակչությունը: Կառավարության նման միջամտությունները լավ արդյունքի հանգեցնել չեն կարող», - պնդում է տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG