Մատչելիության հղումներ

Թբիլիսիի հակառուսական ցույցերը արտացոլվել են ֆուտբոլային մարզադաշտերում


Թբիլիսիի հակառուսական ցույցերը արտացոլվել են ֆուտբոլային մարզադաշտերում․ Թբիլիսի «Լոկոմոտիվ» և «Ռուսթավի» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև Քութաիսիի «Տորպեդո» թիմի ֆուտբոլիստները Վրաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ փուլի խաղերին դաշտ են դուրս եկել՝ կրելով հակառուսական գրառումներով մարզահագուստ:

Քութաիսիի «Տորպեդո» թիմի խաղացողների մարզահագուստին գրված է եղել՝ «Ես Վրաստանից եմ և իմ երկիրը օկուպացված է Ռուսաստանի կողմից»:

Թբիլիսիի երկու թիմերի խաղացողների մարզահագուստի վրա գրառումն էլ Վրաստանի 20 տոկոս օկուպացիայի մասին էր:

Ռուսաստանի Պետդումայում իսկույն արձագանքել են վրաց ֆուտբոլիստների ակցիային:

Լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Իգոր Լեբեդևը ՖԻՖԱ-ին կոչ է արել պատժել վրացի ֆուտբոլիստներին, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնադրությունը ֆուտբոլային խաղերի հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաները արգելում է:

Մեկ այլ պատգամավոր՝ Պետդումայի սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Սվիշչևը, ասել է, թե ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պարտավոր են արձագանքել Վրաստանի ֆուտբոլի առաջնությունում հակառուսական քաղաքական ակցիային: Նրա կարծիքով ֆուտբոլային միջազգային այդ կառույցները առնվազն պետք է տուգանեն վրացական թիմերին:

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաները բռնկվել են հունիսի 20-ից, այն բանից հետո, երբ խորհրդարանում անցկցվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր ՍԵրգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին: Դա զայրացրել էր վրացիներին, նրանք դուրս էին եկել փողոցներ, առաջին գիշերը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, կան հարյուրավոր տուժածներ, ձերբակալվածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG