Ռուսաստանի պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Եդինա Ռոսիա» իշխող կուսակցության վրացական գինիները և հանքային ջրերը սահմանափակելու և երկու երկրների միջև դրամային փոխանցումներն արգելելու նախաձեռնությունը, քիչ առաջ այս մասին հայտարարել է հանձաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Ռուսաստանցի պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի կառավարությունը այս առաջարկություններին նաև հավելյալ միջոցներ կձեռնարկի Վրաստանին պատժելու համար։
«Մենք այս պահին սպասում ենք, որ Վրաստանի իշխանությունները ներողություն կխնդրեն, առաջիկա մեկ երկու օրերը ցույց կտան, թե պատրա՞ստ է արդյոք դրան Վրաստանի ղեկավարությունը», - հավելել է Լեոնիդ Սլուցկին։
Վաղը պետդուման պետք է համապատասխան հայտարարություն ընդունի։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան չվերթների արգելքի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը, հիշեցնենք, վերաբերում է ռուսական ավիաընկերություններին։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Պուտինի այս որոշումից հետո անմիջապես արգելել էր նաև վրացական ավիաընկերությունների չվերթները Ռուսաստան։
Սա Մոսկվայի պատասխանն էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ից սկսված հակառուսական բողոքի ակցիաներին։
Բողոքի ակցիաների առիթը, հիշեցնենք, Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Նա նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։
Ռուսական ավիաընկերությունները կկորցնեն մոտ 3 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, սակայն, նրա խոսքով՝ տվյալները նախնական են, և վնասի մասին ստույգ տվյալներ հայտնի կլինեն մյուս շաբաթ։
Երբ Պուտինը ստորագրել էր չվերթների արգելքի մասին որոշումը, Վրաստանում հանգստանում էր շուրջ 54 հազար ռուսաստանցի։ Նրանցից 4,5 հազարը Ռուսաստան վերադառնալու մասին իշխանությունների կոչերին չի հետևել և այսօր էլ մնում է Վրաստանում։
Վրաստանում նույնպես արդեն ունեն մոտավոր հաշվարկներ, թե ինչքան կկորցնի երկրի տնտեսությունը Պուտինի որոշման հետևանքով՝ շուրջ 2,5 միլիարդ լարի։ Մինչդեռ Georgian Airways ընկերության տնօրենի Թամունա Թանդաշվիլիի խոսքով, չնայած արգելքին՝ ընկերությունը կապահովի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև։
Թանդաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ վրացական ավիաընկերության օդանավերը կշարունակեն չվերթնեը Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ՝ օրական երկու անգամ։ Ավիաընկերության տնօրենը հայտնել է, որ ուղևորները Երևանում կմնան օդանավում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ավելի վաղ, հիշեցնենք, հայտարարել էր, թե վրացական Georgian Airways և My Way Airlins ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան կվերականգվեն, եթե այդ ընկերությունները մարեն պարտքերն ու ներկայացնեն թռիչքների անվտանգության ծրագրեր։