Սահմանադրական դատարանը չորեքշաբթի օրը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որը տարընթերցումների տեղիք տվեց: Ոմանք գտնում են, որ այդ որոշումից հետո Հայաստանի երկրորդ նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի, մյուսները՝ որ այն չի ազդում Քոչարյանի խափանման միջոցի վրա:
Թեմայի շուրջ բանավիճում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը, փաստաբան Կարապետ Բադալյանը և քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը:
Ստորև՝ հատված բանավեճից․
Սուրեն Գրիգորյան․ - Դատավորներից մեկը [Վահե Գրիգորյանը] բարձրացրել է Սահմանադրական դատարանի մյուս անդամների մասնակցության անհնարինության հարց: Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ այդ հարցին անդրադարձ կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել: Եթե, օրինակ, պարոն Վարդևանյանը գիտի, ես շատ կուզենայի մենք այս հարցը քննարկենք, հասկանանք: Եթե չի կատարվել, Սահմանադրական դատարանը չլինի՝ ցանկացած դատարան, եթե իր անաչառության վերաբերյալ օբյեկտիվ հիմքեր կան կասկածելու, ինքը վերադաս ատյան ունենա, չունենա, քվորումի խնդիր ունենա, չունենա՝ չի կարա իր որոշումը լինի լեգիտիմ և վստահելի, ինքը չպետք է կայացնի որոշում, դա կարող է հանգեցնել սահմանադրական կամ այլ ճգնաժամերի:
«Ազատություն»․ - Եթե չի քննարկել:
Գրիգորյան․ - Ես չգիտեմ՝ քննարկել է, թե ոչ:
«Ազատություն»․ - Պարոն Վարդևանյան, Դուք ունե՞ք տեղեկություն՝ քննարկե՞լ է, թե՞ ոչ:
Արամ Վարդևանյան․ - Այդ մասով տեղեկություն չունեմ, բայց կարող եմ մի բան ասել․ պարոն Գրիգորյան, եթե Դուք ունեք մեկ ամիս ժամկետ որոշակի հայցադիմում ներկայացնելու համար՝ ներկայացնում եք երկրորդ ամսին, դատարանը վարույթ չի ընդունում՝ նշելով, որ մեկ ամիսը անցել է, նորմա՞լ պրակտիկա է: <…> Հարգելի պատճառ էլ չկար, ի դեպ, էդ մեկ ամսվա ուշացման համար:
«Ազատություն»․ - Այսինքն, դատավոր Գրիգորյանը ուշացրե՞լ է:
Վարդևանյան․ - Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը շատ հստակ նախատեսում է, որ վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատավորներից մեկը, իհարկե՝ դա կարող էր լինել պարոն Գրիգորյանը, կարող է ներկայացնել անհնարինության վերաբերյալ միջնորդություն:
Կարապետ Բադալյան․ - Այո, բայց այդ ժամանակ Գրիգորյանը դատավոր չէր, ես խնդում եմ էս հանգամանքը չմոռանաք:
Վարդևանյան․ - Այսինքն, պարոն Բադալյան: Հունիս ամսին իհարկե դատավոր էր արդեն, և հենց Վահե Գրիգորյանի անհնարինության հարցն է․․․ պարոն Բադալյան, երևի թե շփոթում եք: Այդ ժամանակ հենց այդ օրը, վարույթ ընդունելու հետ միաժամանակ, և, ի դեպ, դա էլ, կարծում եմ, ճիշտ կաներ պարոն [փաստաբան Տիգրան] Եգորյանը կամ այլոք, ովքեր ներկայացնում են, դա ևս նշեին, որ պարոն Գրիգորյանի վերաբերյալ անհնարինության որոշումը կայացվեց վարույթ ընդունելու հետ միաժամանակ, ինչպես գրված է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում:
Բադալյան․ - Հստակ հայտարարվել են էն հիմքերը, որոնցով համարվում է, որ ՍԴ անդամներից երեքը․․․ իրենք համաձայն են, թե համաձայն չեն՝ կան օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստեր, անկախ նրանից՝ իրենք դրան համաձայն են, թե չէ, կողմնակի դիտորդի համար էդ փաստերը, որոնք անվիճելի են, ոչ մեկ չի ասում՝ էն փաստերը, որոնք պնդում են Վահե Գրիգորյանը կամ Եգորյանը իր միջնորդությամբ ներկայացրել է, դրանք իրականությանը չեն համապատասխանում՝ դրանք հաստատված անվիճելի փաստեր են, ու էդ փաստերը ցանկացած կողմնակի դիտորդի մոտ դատարանի անաչառության նկատմամբ խորը կասկած են առաջացնում: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ եթե դու քո նախկին մասնագիտական պրակտիկայով կամ նախկին դիրքորոշումներով արտահայտել ես արդեն որոշակի կարծիք էն գործի նկատմամբ, որը հիմա քննության առարկա է, կամ դու որպես վկա ցուցմունք ես տվել մի գործով, կամ էդ նույն գործով դու հայտարարել ես, որ դատարանը ճնշումների տակ է եղել կամ չի եղել․․․ օրինակ, Ֆելիքս Թոխյանը որպես վկա հարցաքննվել է էդ գործով և նույնիսկ ցուցմունք է տվել, որ «ես չեմ հիշում, կներեք, ես օպերացիա եմ կրել և հիշողությունս ոնց որ թե լավ չի», այդ անձինք որոշակի առնչություն ունեն, նաև կանխակալ վերաբերմունք ունեն այս հարցին, որը արտահայտել են նախկինում, ինչպե՞ս կարող են իրենք ընդունել մի որոշում, որը կարող է հեղինակություն ունենալ, վստահելի լինել:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․