Մատչելիության հղումներ

Եգորյան․ Այս կազմով ՍԴ-ն չի ապահովում անկախ, անկողմնակալ, անաչառ դատարանի ստանդարտները


«Ազատությունը» զրուցել է փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:

«Ազատություն»․ - Ունե՞ք տեղեկություններ, թե ինչու երեկ չկայացավ Սահմանադրական դատարանի նիստը՝ քննելու Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Ասվում է, որ լրացուցիչ ինչ-որ տեղեկություններ պիտի ճշտեն:

Եգորյան․ - Ունենք կայքում հրապարակված՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության մասին պնդումը: Դատաքննությունից մեկ օր առաջ այս իրողությունը ընկալվեց այս անդամների կողմից: Այն դեպքում, երբ երկու ամիս այդ ուղղությամբ նրան փաստորեն որևէ բացահայտում չէին կատարել: Մենք ունեինք մինչև այս որոշման հրապարակումը տեղեկություններ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարցված, որոնք համաձայն մեկ ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, մյուս լրագրողին հայտնել էին, որ նիստը հետաձգվել է, քանի որ Սահմանադրական դատարանի անդամները արձակուրդում են: Բայց պարզվեց, որ իրականում գտել են, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կա: Սա, իմ համոզմամբ, թույլ է տալիս եզրահանգել, որ այս որոշումները Սահմանադրական դատարանի անդամները չէ, որ կայացնում են, և Սահմանադրական դատարանում չէ, որ կայացվում են: Այս որոշումները իրականում այն հնարավորությունն են ժամանակը ձգելու, որը, ըստ իրենց, պետք է իրենց դուրս բերի այս ցուգցվանգ վիճակից: Նրանք, ինչպես ես ենթադրում եմ, հեռացել են խորհրդակցելու ավելի լայն շրջանակների հետ: Եվ ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով բոլոր այն փաստարկումները և քաղաքական հայտարարությունները, նրանց՝ առհասարակ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու առանցքային դերակատարում ունեցող անձանց շահերը, այդ խմբայի շահերի սպասարկման այդ անհագուրդ և անխոնջ աշխատանքը ցույց է տալիս, որ շահերի կենտրոնը բոլորովին այլ է, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:

«Ազատություն»․ - Այդ թվում նաև քոչարյանամերձ շրջանակների հե՞տ են խորհրդակցում:

Եգորյան․ - Ինչպես մեզ հայտնի է, դրանց մի մասը Քոչարյանի բարձր հովանավորությունը վայելող, մի մասը Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող անդամներ են, ովքեր հենց այդ բերումով էլ հայտնվել են Սահմանադրական դատարանում և իրենց գործունեության ամբողջ ընթացքում էլ անշեղորեն սպասարկել են այս շահերը:

«Ազատություն»․ - Երեկ նաև տեղեկություն եղավ, որ Վահե Գրիգորյանն էլ է բարձրացրել հարցը, որ իրենք չեն կարող անկաշկանդ քննել Քոչարյանի դիմումը, այսինքն կողմնակալ են: Ճի՞շտ է:

Եգորյան․ - Ես էլ մամուլից ունեմ տեղեկություններ, որ ներկայացվել է նման բացարկի միջնորդություն: Փաստորեն ներկայացվել է բացարկի միջնորդություն մեր կողմից, ներկայացվել է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից: Սահմանադրական դատարանի անունից գործող անդամների լեգիտիմության վերաբերյալ հայտարարություն է կատարել Հանրապետության վարչապետը: Մնում է մեկ առանցքային դերակատար՝ Ազգային ժողովն է, որը պետք է որպես գործին մասնակցող կողմ՝ պատասխանող կողմ, ևս հանդես գա իր դիրքորոշմամբ: Ներկայացվել են անառարկելի փաստեր և հանգամանքներ այն մասին, որ Սահմանադրական դատարանի անդամները «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդված 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով չեն կարող մասնակցել այս գործի քննությանը: Նրանք անկողմնակալ չեն և անաչառ չեն: Հետևաբար դրանով իսկ Սահմանադրական դատարանի ակտերը այս գործերով հատկապես չեն կարող լինել հեղինակավոր և չեն կարող առհասարակ հարգվել իշխանության մյուս թևերի կողմից:

«Ազատություն»․ - Բայց ԱԺ-ն ի՞նչ պիտի անի այստեղ:

Եգորյան․ - Եթե ԱԺ-ն առարկություններ չունի մեր կողմից ներկայացված, դատավոր Գրիգորյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդություններին և վարչապետի կողմից ներկայացված քաղաքական դիրքորոշման հետ, պետք է այս անդամներին բացարկի միջնորդություն ներկայացնի որպես գործին մասնակցող մարմին: Ուղիղ լիազորության խնդիր է․ Ազգային ժողովը ճանաչված է պատասխանող այս գործով:

«Ազատություն»․ - Եթե այնուամենայնիվ երեքշաբթի գրավոր ընթացակարգով նիստ անեն և ինչ-որ որոշում արձակեն․․․

Եգորյան․ - Այս կազմով Սահմանադրական դատարանը չի ապահովում անկախ, անկողմնակալ, անաչառ դատարանի ստանդարտները: Հետևաբար այդ պայմաններում, այդ կազմի կողմից ընդունված որոշումները չունեն այս ստանդարտին համապատասխան հեղինակություն, չեն անցնում անկողմնակալության օբյեկտիվ թեստը և կարող են չընդունվել ո՛չ ժողովրդի կողմից, ո՛չ էլ կարող են ընդունվել իշխանության մյուս ճյուղերի կողմից: Եվ իշխանության մյուս ճյուղերի համար սա ուղիղ պարտականություն է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG