Ջերմուկի քաղաքապետ․ Իրավիճակը իրականում շատ բարդ է

Ջերմուկի 13 տարվա քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն աննախադեպ բարդ է համարում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը համայնքի համար։

«Իրավիճակը իրականում բարդ է, շատ բարդ է: Որևիցե մի անգամ Ջերմուկում այսպիսի իրավիճակ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

2016-ից նա ղեկավարում է արդեն խոշորացած համայնքը, որի մեջ մտնում են նաև Ամուլսարի հարևանությամբ գտնվող բնակավայրերը։

Համայնքապետն ասում է, որ պարբերաբար բանակցությունների մեջ է Ամուլսար տանող ճանապարհն արդեն մեկ տարի փակ պահող ջերմուկցիների և հանքարդյունաբերողների հետ։ Բայց հարցն արդեն իր ուժերից վեր է համարում․ - «Ես երկու քարի արանքում եմ: Խնդիրը սկսել է շատ վատ զարգացումներ ունենալ: Սրանք երդվել են, որ պոստերը չբացեն: Հիմա վարչապետը ասել է, էլ չեն կարող չբացել: Խնդիր է առաջանում: Որպես համայնքի ղեկավար, ես ուզում եմ այս պրոցեսն այնպես անցկացնել, որ հարթ լինի, ցնցումային չլինի: Արդեն Ջերմուկում մարդ չի մնում հիմա, ոստիկաններն են շատանում»:

Համայնքապետի տեղեկություններով, առաջիկայում սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ։ Կառավարության ղեկավարը կհանդիպի Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներին, որոնք հանրաքվե են պահանջում փակուղի մտած հարցի լուծման համար։

«Քո բնակիչն է, չգիտես ինչ անես», - ասում է Վարդան Հովհաննիսյանը: - «Ինչ-որ պատկերացում ունես, որ կարող է լավ լինի, բայց ինքը չի պատկերացնում: Մտածում ես՝ համոզես, կարող է վատ լինել: Մեծ պատասխանատվություն է, ես չեմ ուզում մտնել այդ պատասխանատվության տակ: Ամեն չնչին ցնցումից այստեղ օգուտ քաղողը չգիտեմ ով կլինի, բայց Ջերմուկը կտուժի»:

Համայնքապետը շեշտում է, որ Ջերմուկը սահմանակից չէ, բայց և հեռու չէ հանքավայրի նախագծի տակ առնված Ամուլսարից։

Նա ասում է, որ երաշխիքներ են պետք, որ զբոսաշրջությունը զարգացնելու համար ներդրումներ արած մարդկանց հույսերն ապարդյուն չեն մնա․ - «Ճիշտ է, 400 միլիոնի ներդնում չի, բայց մարդն իր չափով ներդրում է արել՝ 5 միլիոն, 10 միլիոն: Մենք այստեղ Hyatt ունեինք, որ հիմա փոխվեց Grand Resort, 25-30 միլիոն դոլարի ներդրում է: Կարծում, որ ինքը եթե լրիվ ծավալով տարին կլոր էլ աշխատի, երևի մի 20 տարում նոր այդ փողը հետ կբերի»:

Ջերմուկում և մերձակա բնակավայրերում կտրականապես դեմ են հանքի շահագործմանը։

Գնդեվազցի Մարատը մի քանի տարի առաջ կարճ ժամանակով աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում։ Ամուլսարում էլեկտրատեխնիկական աշխատանք է արել ու ընդամենը 150 հազար դրամ աշխատավարձ ստացել։ Հետո դուրս է եկել ու զբաղվում է իր փոքրիկ տնամերձ հողամասով։

«Ազատության» հետ զրույցում Մարատն ասաց․ - «Ստեղծվել է մի իրավիճակ, որ հիսուն-հիսուն է այսօր: Մարդիկ, որ այնտեղ հարմարվել էին, իրենց համար հեշտ է: Մենք, որ մեր գյուղատնտեսությամբ ենք զգաղվել, որ մտածում ենք վաղը-մյուս օրը այստեղ մի քանի տարի հետո այս հսկայական գյուղը պիտի լինի ընդամենը բանվորական ավան, էդ բանով մենք դժգոհ ենք»:

Ամուլսարին ամենամոտ գտնվող Գնդեվազում բողոքի դուրս եկած և հանքի դեմ ստորագրահավաքների մասնակցող գյուղացիներից շատերը ժամանակին իրենց հողատարածքները մեկ քառակուսի մետրը մոտ 700 դրամ արժեքով վաճառել են «Լիդիան Արմենիա»-ին։ Այսօր, մինչդեռ, սրտնեղում են, թե զրկվել են իրենց ապրուստի միջոցներից, իսկ հանքի շահագործման դեպքում կապրեն փոշու մեջ։

«Մենք չենք համաձայնվել», - ասում է գնդեվազցի մի կին: - «Իմ տղեն դաժե փողը չի վերցրել, ասեց՝ ես իմ հողս չեմ ծախում: Գերակա շահ ճանաչեցին, վերցրեցին»:

Գնդեվազում մտահոգ են, թե մայրաքաղաքում փորձում են սևացնել իրենց պայքարը։ Արթուր Գրիգորյանը ընտանիքով է միացել պայքարին։ Ասում է՝ վիրավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ օրերս դիմել էր բնակիչներին ու հարցրել, թե ինչո՞ւ հանքարդյունաբերական աշխատանքների մեկնարկին չեն սկսել իրենց բողոքի ակցիաները՝ եթե դժգոհություններ ունեին։

Գրիգորյանը հակադարձում է․ - «Նույնը իրեն կարող ենք տալ իրեն․ պարոն Փաշինյան, Դուք շատ շուտվանից ընդդիմադիր խոսել եք, խի՞ Դուք հեղափոխությունը շուտ չեք կազմակերպել: Երբ որ գտել եք նպատակահարմար, երբ որ ժողովուրդը պատրաստ են եղել, երբ որ Դուք գտել եք, որ իսկական ճիշտ ժամանակն ա անելու հեղափոխությունը, էդ ժամանակ եք արել, ճի՞շտ ա: Նույնն էլ մենք: Երբ որ գտել ենք, որ կառավարությունը մեզ թույլ կտա հանքարդյունաբերությանը դեմ կանգնենք մեր տարածաշրջանում, էդ ժամանակ էլ մենք ենք դա կազմակերպել»:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր գործունեության առաջին տարիներից մոտ երկու միլիոն դոլարի սոցիալական ծրագրեր է իրականացրել Ամուլսարի մերձակա բնակավայրերում՝ ճանապարհներ է նորոգել, մանկապարտեզ ու դպրոց կառուցել։

Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ 2016 թվականից սկսած հանքարդյունաբերող ընկերությունը տարեկան մոտ 160 միլիոն դրամ է վճարում համայնքին՝ հարկերի տեսքով։