Մատչելիության հղումներ

Արդյոք ճիշտ է Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծել․ մեկնաբանում են քաղաքական գործիչները


ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան («Իմ քայլը»)
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան («Իմ քայլը»)

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը լուծվի հանրաքվեի ճանապարհով:

Ըստ պատգամավորի, ջերմուկցիների և սարի հարակից համայնքերի բնակիչների քվեարկությունը շահագործման նպատակահարմարության իրական պատկերը չի արտահայտի, նրանց դիրքորոշումը կանխատեսելի է․ - «Պարզ ա, որ ջերմուկցին կասի, որ ես չեմ ուզում»:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը հանրաքվեով հանգուցալուծելու առաջարկ այսօր արել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը 2016-ին զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի պաշտոնը:

Ընդդիմադիր Դաշնակցությունը իշխանությանը կոչ է անում միջազգային «Էլարդ» ընկերության հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում և հանրաքվեի ճանապարհով հասնել հանրության և պետության համար ընդունելի որոշման:

Իշխանության ներկայացուցիչը հակադարձում է, թե հանքի շահագործումը քաղաքացու քվեով լուծելիք հարց չէ, բարդ է: ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը երկիրը կառավարելու վստահության քվե է տվել, և կառավարությունն էլ պետության շահերից ելնելով՝ պետք է որոշում կայացնի:

«Սա ուղղակի համապետական հարց է, և պետության պետության շարունակականության հարց է: Ճիշտ է, մենք հեղափոխության ճանապարհով, ժողովրդի ուժով ենք եկել իշխանության, բայց բոլոր դեպքերում պետությունը կա, չէ՞՝ իր պարտավորություններով, աշխարհի առաջ իր շփումներով, միջազգային պարտավորությունների, պայմանագրերի պահպանման իմաստով: Այդ իմաստով դարձել է հարցը համապետական», - ասում է Աղազարյանը՝ շարունակելով․ - «Ով չի հասկանում, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Բոլորս էլ հասկանում ենք: Խոսքը գնում է այդ վնասի չափի մասին և այդ վնասի դեմը առնելու հնարավորությունների մասին»:

Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը նման հարցերը հանրաքվեով լուծելուն կողմնակից է ժողովրդավարական որոշում կայացնելու տեսանկյունից: Բայց Ամուլսարի դեպքում դրա անհրաժեշտությունը կասկածելի համարում, քանի որ, իր խոսքով, հանքի շահագործման մասնագիտական եզրակացությունը բացասական է, և հանքը չպետք է բացվի:

Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյան

«Մինչև հանրաքվեն մենք բոլորս տեսնում ենք, որ Ամուլսարի շահագործման մասին մասնագիտական եզրակացությունը բացասական է: Դա ուրիշ բանի համար էր արվել, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ վտանգներ կա մեջը: Հանրաքվեի անհրաժեշտությունը կասկածի տակ եմ դնում, բայց ընդհանրապես նման հարցերը հանրաքվեով լուծելու կարգը շատ ողջունելի է և դա մեր կուսակցության ստեղծման հիմքերից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Նրա խոսքով, Ամուլսարի կոնֆլիկտը պետք է լուծվեր այլ կերպ և ըստ այդմ պետք է արգելվեր հանքի շահագործումը․ - «Կոնֆլիկտի երկու կողմ է հասունանում՝ կառավարության, հանրություն: Մինչդեռ այս կոնֆլիկտը այդ երկու կողմերը չունի․ կա նախկին կոռումպացված համակարգ, պլյուս դրան «Լիդիան» ընկերությունը, որը խարդախություններով և ապօրինի միջոցներով է ստացել էդ բանը: Երեք օրենք են փոխել, որպեսզի «Լիդիանը» կարողանա շահագործի: Դա մի կողմն է։ Եվ հանրությունն ու իր ընտրած կառավարությունը մյուս կողմից: Այսինքն այդ բախումը պետք է նախկինների վերաբերյալ քրեական գործերով լուծվեր: Մեր մոտեցումը դա է․ այս կոնֆլիկտի կողմերն են «Լիդիան», նախկին պաշտոնյաներ և հանրությունն ու կառավարությունն են, և այդ բանի բերումով կառավարությունը ուղղակի պետք է արգելեր հանքի շահագործումը»:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս, Հանրապետության հրապարակը հռչակեց կառավարության, Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելու հարթակ: Ըստ Փաշինյանի, ժողովուրդը կառավարությանը պետք է լիազորեր իրականացնել կամ չիրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելեն իրականացնել այս կամ այն գործողությունը:

Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան

Բագրատյանը, ով մինչև 2012 թվականը եղել է Վայոց ձորի մարզպետը, նույնպես հանրաքվեի կողմնակից է․ - «Կառավարությունը ժառանգել է այդ հարցը: Ինքը չի պատասխանատուն հարցի, ինքը փաստաթղթերը պատրաստի ստացել է նախորդ կառավարությունից: Այդ դեպքում արդյո՞ք ճիշտ չի լինի կառավարությունը, եթե հարցը թողնի ժողովրդի հայեցողությանը: Մենք ասում ենք՝ ժողովրդավարական երկիր ենք կառուցում, և ժողովուրդը պետք է իր ճակատագիրը տնօրինի: Էդպես չպետք է նայել՝ հակադրություն ժողովրդի և կառավարության մեջ: Ընդհակառակը, պետք է համադրել այդ կարծիքները: Եթե փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես ժամանակին ասում էին նախկին իշխանությունները, պետք է փաստաթղթերին չնայել, պետք է նայել կոնկրետ ժողովրդի տրամադրությունը»:

Իշխանության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը պնդում է, թե Ամուլսարի հարցը խիստ մասնագիտական է, բազմաշերտ և բարդ, ուստի ժողովուրդը վստահի կառավարությանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG