«Որևիցե նոր բան, որը որ նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, հնարավոր չէ և չի լինի: Թե՛ նախընտրական փուլում և թե՛ այս ընհանուր այս ամբողջ ժամանակահատվածում ասվել է հետևյալը՝ եթե կլինի գոնե 0,1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, դրանից կտուժի Սևանա լիճը, այդ հանքը չի շահագործվի: Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական բարձր մակարդակն է», - լրագրողներին այսօր ասաց Սիմոնյանը:
«Ազատություն» դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ որևէ հանք լրիվ անվտանգ լինել, չի կարող շրջակա միջավայրի վրա բացարձակապես ազդեցություն չթողնի, խորհրդարանի փոխխոսնակն արձագանքեց․ - «Ես մեծ կասկածներ ունեմ, որ Երևան քաղաքում գոյություն ունեցող 16֊հարկանի շենքերը լիովին անվտանգ են: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այն ջրերը, որոնք հոսում են և լցվում են Սևանա լիճ, այն կոյուղաջրերը, որոնք որ այսօր հոսում են, շատ ավելի մեծ վնաս կարող են հասցնել և հասցնում են, քան այն թեման, ինչի մասին մենք խոսում ենք․․․ Գիտեք ինչ, որևիցե նոր բան հորինելու, ինչ-որ բան փնտրելու բան չկա: Կա փաստ․ գնում ենք ստուգում ենք, տեսնում ենք վնաս տալո՞ւ է, թե՞ վնաս չի տալու: Եթե վնաս չի տալու, աշխատեցնում ենք, եթե վնաս տալու է, միանշանակ չենք աշխատացնում»:
Ի պատասխան «Ազատության» հաջորդ հարցի, թե արդյոք մտավախություն չունեն, որ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում անկում կապրի իշխանության վարկանիշը, Սիմոնյանն ասաց․ - «Ես մտավախություն ունեմ, որ երբ որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ խումբ ստանձնում է երկրի կառավարման պրոցեսը, նա պետք է նաև ստանձնի պատասխանատվության պրոցեսը: Եթե դու ասում ես, որ ունենք հանք, ռիսկերը կառավարելի են, և մենք վնաս չենք պատճառում բնությանը, հիմա ես ինչո՞ւ պիտի այդ հանքը չշահագործեմ»:
Հարցին, թե արդյոք լսելի է լինելու տարածաշրջանի բողոքող բնակիչների ձայնը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ - «Եթե լսելի չլիներ, որոշումը կկայացվեր, ո՛չ կքննարկվեր, ո՛չ էլ ընդհանրապես․․․ Բա լսելի է, որ վարչապետը գնում է, այդ մարդկանց հետ դրա հետ կապված խոսում է, այդ մարդկանց այդ հարցի շուրջ ընդունում է»:
Ազգային ժողովի փոխնախագահը դժվարացավ ասել, թե անձամբ ինքը կողմ է թե դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը․ - «Ես չեմ կարող որևիցե բան ասեմ, որովհետև դա իմ մասնագիտական հնարավորությունը չի տալիս: Տեսեք, երբ որ մենք հիվանդ ենք լինում, մենք գնում ենք բժշկի, և բժիշկը ասում է, չգիտեմ՝ լյարդը մի քիչ ճարպակալած է, մի քիչ խնդիրներ կան: Ես աշխատում եմ մամուլի հետ և ներկայացնում եմ այն իրավիճակը, որ կա: Իմ անձնական դիրքորոշումը այս հարցով չեմ ձևակերպել, որովհետև մասնագիտական իմ գիտելիքները և ինֆորմացիան այս փուլում չի բավարարում»:
Նա հավելեց, որ բոլորի մտահոգությունը մեկն է՝ հանկարծ այնպես չլինի, որ սխալվեն:
Հարցին՝ եթե տարիներ առաջ իրենք լինեին իշխանության ղեկին, արդյո՞ք թույլ կտային այս հանքի շահագործումը, Սիմոնյանը պատասխանեց․ - «Ես վստահ չեմ, որ եթե ժամանակը ետ պտտեինք, որ այս ամեն ինչին մենք կգնայինք: Ես իմ կարծիքն եմ ասում, հանկարծ չվերագրեք դա որևիցե մեկին»:
Նկատենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կարծիքները տարբերվում են․ արդեն իսկ խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահապնության հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը: