Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ, որին մասնակցել են Կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Հաջորդիվ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Այսօր առավոտից Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվում Հայաստանի նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Ակցիայի մասնակիցներից 6-ին ոստիկանները բերման են ենթարկել: