Կառավարությունը կուսումնասիրի Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության արդյունքները՝ եզրակացության գալու համար, այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մինչ այդ խնդրելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հակիրճ ներկայացնել փորձագիտական խմբի եզրակացությունը։
«Ըստ էության, ամենակարևոր երեք կետերը, որ եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա։ Երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի։ Երրորդ՝ ամենակարևոր հանգամանքն Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարփ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան»-ը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Ընկերությունը երեկ ծանոթացել է այդ եզրակացության հետ, «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել․ 10-ը կիրառվում է, 5-ը պատրաստ են կիրառել, 1 մեղմման միջոցը քննարկման փուլում է», - ասաց Գրիգորյանը։
Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ որևէ հիմք չկա մեկ տարուց ավելի ընթացող քրեական գործով որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու։
Վարչապետի հարցին, թե այսինքն գործը կարճվելո՞ւ է, Գրիգորյանը պատասխանեց․ - «Այո՛, գործի քննության ուղղվածությունը դա է»։
Նշենք, որ բնապահպանները գործադիրի նիստին զուգահեռ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը և պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Նրանք համաձայն չեն նաև ստացված եզրակացությանը։