Թերեզա Մեյը հանդիպելու է լեյբորիստների առաջնորդին՝ փորձելու խուսափել «կոշտ Բրեքզիթից»

Թերեզա Մեյ և Ջերեմի Քորբին

Մեծ Բրիտանիայի վարչապետի վերջին հույսը ընդդիմադիր լեյբորիստներն են: Երեկ երեկոյան Թերեզա Մեյը կառավարության՝ շուրջ յոթ ժամ շարունակված նիստից հետո հայտարարեց, որ պատրաստվում է մեկ անգամ ևս դիմել Եվրամիության ղեկավարությանը` «Բրեքզիթի» վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով:

Այս հարցում Մեյը ակնկալում է իր գլխավոր քաղաքական հակառակորդների` լեյբորիստների աջակցությունը:

«Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնց ձանձրացրել են [«Բրեքզիթի» վերջնաժամկետի] երկարաձգումները և անվերջ վեճերը և որոնք կգերադասեին, որ մենք Եվրամիությունը լքենք արդեն հաջորդ շաբաթ: Ես մշտապես ասել եմ, որ մենք երկարաժամկետ կտրվածքով ի վիճակի կլինենք շահող դուրս գալ առանց համաձայնագրի «Բրեքզիթի» դեպքում: Այնուհանդերձ վստահ եմ, որ լավագույն լուծումը Եվրամիության հետ համաձայնագրի կնքումն է: Այս իսկ պատճառով մեզ 50-րդ հոդվածի կիրառման ևս մեկ երկարաձգում է անհրաժեշտ», - հայտարարել է Թերեզա Մեյը:

Հիշեցնեմ, որ նախորդ ուրբաթ օրը Համայնքների պալատը երրորդ անգամ մերժեց Բրյուսելի հետ կնքված համաձայնագիրը, ինչից հետո պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելու է ապրիլի 12-ին:

Թերեզա Մեյը, սակայն, հույս ունի, որ ընդդիմադիր լեյբորիստները, որոնք կտրականապես դեմ են այսպես կոչված կոշտ, առանց համաձայնագրի «Բրեքզիթին», կաջակցեն իրեն` իրադարձությունների ամենաանցանկալի սցենարը կանխելու նպատակով:

«Ես ուշադրությամբ ունկնդրեցի վարչապետի հայտարարությունը, ընթերցեցի նաև դրա գրավոր տարբերակը և կարող եմ ասել, որ ուրախ կլինեմ հանդիպել նրան: Մենք վարչապետի հետ պետք է քննարկենք ստեղծված կացությունը` հնարավորություն ստեղծելով, որպեսզի խորհրդարանը քվեարկի առաջարկների մի այնպիսի փաթեթի օգտին, որը կկանխի մեր դուրս մղումը ԵՄ-ի կազմից արդեն հաջոդ շաբաթավերջին», - նշել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:

Թերեզա Մեյի կուսակից պահպանողականների մի ստվար հատվածին, սակայն, կառավարության ղեկավարի այս նախաձեռնությունը բացարձակապես չի ոգևորել: Նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի համոզմամբ, օրինակ, Թերեզա Մեյի և լեյբորիստների համագործակցության պարագայում «Բրեքզիթի» ողջ գործընթացը կարող է կորցնել իր սկզբնական իմաստը:

«Կարծում եմ, որ շատ հիասթափեցնող է, որ «Բրեքզիթի» գործընթացը մենք վստահում ենք Ջերեմի Քորբինին և նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցությանը: Գրեթե կասկած չկա, որ եթե Քորբինը հասնի իր ուզածին, ապա մենք կմնանք Եվրամիության մաքսային միության կազմում, չենք կարողանա վերահսկել մեր առևտրային քաղաքականությունը և օրինաստեղծ գործունեության ահռելի մի հատվածը: Այդ դեպքում «Բրեքզիթը» տապալման աստիճանի մեղմ է լինելու», - հայտարարում էր «Բրեքզիթի» գլխավոր գաղափարախոսներից մեկը համարվող Բորիս Ջոնսոնը:

Թերեզա Մեյի և Ջերեմի Քորբինի բանակցությունները կմեկնարկեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Եվրոպական մայրաքաղաքներում առայժմ սպասում են, թե ինչ արդյունքների կհանգեն կողմերը:

«Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ընդդիմության հետ: Դրա արդյունքը կարող է լինել թիվ 50 հոդվածի գործողության ժամկետի երկարաձգումը: Առայժմ դժվար է մեկնաբանել: Մենք պետք է սպասենք և տեսնենք թե ինչ են ասում բրիտանացի ընդդիմադիրները», - անցած գիշեր Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե-Դրիանի համոզմամբ, բրիտանացիները պետք է կարողանան ի վերջո հստակ որոշման հանգել «Բրեքզիթի» հարցում:

«Անկեղծ ասած, երբեմն շատ դժվար է հետևել [Մեծ Բրիտանիայում ծավալվող] իրադարձություններին: Իրենց որոշումից երեք տարի անց բրիտանացիները պետք է գործողությունների հստակ գիծ որդեգրեն, հակառակ պարագայում, ցավալի է, բայց մենք չենք կարողանա խուսափել կոշտ «Բրեքզիթից», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը: