Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը տապալեց «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի նոր տարբերակը


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը հետևում է «Բրեքզիթ»-ի հարցով Համայնքների պալատի քվեարկության արդյունքների հրապարակմանը, Լոնդոն, 12-ը մարտի, 2019թ.
Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը հետևում է «Բրեքզիթ»-ի հարցով Համայնքների պալատի քվեարկության արդյունքների հրապարակմանը, Լոնդոն, 12-ը մարտի, 2019թ.

Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն մնացել է ընդամենը 16 օր։

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը տապալեց «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի նոր տարբերակը․ 391 պատգամավոր դեմ է քվեարկել, 242-ը՝ կողմ. Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն մնացել է ընդամենը 16 օր:

Այսպիսով, գնալով է՛լ ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը, որը համարվում է թերևս ամենալուրջը Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքական պատմության ընթացքում։ Եվրամիությունից դուրս գալու մասին հաստափոր համաձայնագիրը մերժում են թե՛ «Բրեքզիթ»-ի կողմնակիցները, թե՛ հակառակորդները:

Նախորդ ձախողումից հետո խորհրդարանը վարչապետ Թերեզա Մեյին հանձնարարել էր գործարքի շուրջ Բրյուսելում նոր բանակցություններ սկսել, արդյունքում Եվրամիությունը վերջին պահին համաձայնել էր զիջումների գնալ, սակայն դրանք էլ համոզիչ և բավարար չէին պատգամավորների համար՝ փաստաթուղթը կրկին մերժվեց:

Տապալված քվեարկությունից հետո Թերեզա Մեյը ափսոսանք հայտնեց «ամենալավ և միակ հնարավոր» համաձայնագիրը մերժելու կապակցությամբ:

«Ես ձգտում եմ կատարել ժողովրդի կամքը, որն արտացոլվել է հանրաքվեի արդյունքներով: Ես նաև ձգտում եմ, որպեսզի ԵՄ-ից դուրս գալը լինի առանց ցնցումների, համաձայնագրով, և ես վստահ եմ, որ խորհրդարանում շատերն են այդպես կարծում», - երեկ ուշ երեկոյան ապարդյուն փորձում էր համոզել Մեյը:

«Բրեքզիթ»-ի քվեարկության «ոդիսականը» խորհրդարանում կշարունակվի այսօր, ինչպես նաև վաղը: Պատգամավորներն այժմ էլ պետք է քվեարկեն մարտի 29-ից ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակը, որի հետևանքները հաշվարկված չեն, բայց ենթադրվում է՝ կլինեն աղետալի:

Եթե այդ տարբերակն էլ մերժվի, ապա վաղը օրենսդիրները պետք է քվեարկեն «Բրեքզիթ»-ի ժամկետները հետաձգելու հարցով Եվրամիությանը դիմելու հարցը: Երկու տարբերակն էլ, Մեյի խոսքերով, խնդիրը չեն լուծում:

Եվրամիության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Մեծ Բրիտանիային ժամանակ տալ, սակայն իրենց համար հստակ չէ, թե ինչ նպատակով է Լոնդոնը փորձում ժամանակ շահել, եթե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Իսկ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ` Լոնդոնը ցանկանում է դուրս գալ դաշինքից, որին անդամակցում է 1973 թվականից: Դա է երկու տարի առաջ հանրաքվեի արդյունքներով ցանկացել Մեծ Բրիտանիայի բնակչության 52 տոկոսը, այդ թվում՝ ներկայիս իշխող ուժը, որը, սակայն, նույնպես դեմ է Բրյուսելի հետ կնքված գործարքին:

Թերեզա Մեյի եվրասկեպտիկ կուսակիցները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է նաև ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվեի անցկացում, ինչը, սակայն, անհնար է համարում իշխանությունը:

Այսպես թե այնպես՝ այս պահի դրությամբ ամենահավանական տարբերակը «Բրեքզիթ»-ի ժամկետների հետաձգումն է: Մի շարք լրատվամիջոցների համաձայն, սակայն, այդ դեպքում Բրյուսելը կոշտ պատժամիջոցներ կկիրառի Մեծ Բրիտանիայի դեմ, մասնավորապես, Լոնդոնը յուրաքանչյուր հետաձգված տարվա համար կվճարի 13,5 միլիարդ ֆունտ սթերլինգ տուգանք:

Բրիտանական աղբյուրները փակուղուց դուրս մի շարք հնարավոր սցենարներ են կանխատեսում, թերևս ամենատարածվածը հետևյալն է՝ Լոնդոնը լքում է եվրոպական դաշինքը առանց համաձայնագրի, բայց ավելի ուշ, քան նախատեսում էր:

Նոր բանակցություններ Բրյուսելի հետ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան համաձայնում է ավելի սերտ կապեր ունենալ բաժանումից հետո: Դրանք, սակայն, գրեթե բացառում է Եվրամիությունը՝ պնդելով, որ արդեն արել է առավելագույնը:

Մյուս՝ ամենավիճահարույց տարբերակը նոր հանրաքվեն է, որին այս պահին դեմ է խորհրդարանի մեծամասնությունը:

Դիտարկվում է նաև արտահերթ ընտրությունների տարբերակը, որի հիմնական թեման անխուսափելիորեն կլինի «Բրեքզիթ»-ը, և համապատասխանաբար ընտրությունների արդյունքները կդառնան ժողովրդի մանդատը այն «Բրեքզիթ»-ի, որի մասին խոսում էր հաղթած կուսակցությունը:

Մյուս, ոչ պակաս ցավոտ սցենարը «Բրեքզիթ»-ից հրաժարվելն է, ինչի համար Մեծ Բրիտանիան ունի օրինական իրավունք, բայց դա կարող է տեղի ունենալ, օրինակ, նոր հանրաքվեի դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG