Մատչելիության հղումներ

«Բրեքզիթը» վերածվում է «Թերեքզիթի»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն օրենսդիրներին կոչ է անում հաստատել «Բրեքզիթի» փաթեթը, Լոնդոն, 27 մարտի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն օրենսդիրներին կոչ է անում հաստատել «Բրեքզիթի» փաթեթը, Լոնդոն, 27 մարտի, 2019թ.

Բրիտանիայի խորհրդարանը չի կարողանում դուրս գալ փակուղային վիճակից:

Երեկ վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ պատրաստ է ազատել պաշտոնը՝ պայմանով, որ օրենսդիրները հավանություն տան «Բրեքզիթի» հարցով երկու անգամ մերժած ծրագրին:

Սրամիտ բրիտանական մամուլում անմիջապես շրջանառության մեջ է դրվել քաղաքական մի նոր եզրույթ՝ «Թերեքզիթ»:

Մեյին ծրագրի ընդունման համար պետք է իր Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորների աջակցությունը:

Երեկ օրենսդիրները վճռել են մարտի 29-ի փոխարեն «Բրեքզիթի» ժամկետ սահմանել ապրիլի 12-ը կամ մայիսի 22-ը:

Անցած շաբաթ Եվրամիության 27 երկրները միաձայն որոշել են «Բրեքզիթի» մեկնարկ հաստատել մայիսի 22-ը:

Դա է ամենավերջին հնարավոր ժամկետը, քանի որ մայիսի 23-26-ին տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, և Մեծ Բրիտանիայի ընտրողն այլևս չի կարող քվեարկել:

Բայց եթե բրիտանացի օրենսդիրներն այդպես էլ չհամաձայնեցնեն «Բրեքզիթի» ծրագիրը, Միությունից թագավորության դուրս գալու մեկնարկի օր կդառնա ապրիլի 12-ը: Այսպիսով, բրիտանացիներն ունեն երկու շաբաթ:

Երեկ խորհրդարանը փորձել է կառավարությունից «խլել» «Բրեքզիթի» իրականացումը և օրենսդիրի մակարդակով այն իրականացնել, բայց դա էլ չի ստացվել:

Հիմա աբսուրդային կացություն է: Մի կողմից, խորհրդարանը վճռում է հաստատել «Բրեքզիթը», մյուս կողմից՝ հետևողականորեն մերժում բոլոր առաջարկները:

Երեկ մերժել է «Բրեքզիթի» չեղարկումը, «Բրեքզիթի» հարցով երկրորդ հանրաքվեն և Եվրամիության մաքսային պայմանագրի մաս կազմելը՝ թվով 8 այլընտրանքային նախաձեռնություն:

Եվ Բրյուսելում միանգամայն իրավացիորեն Լոնդոնին հարց են տալիս. - «Լավ, դուք ինքներդ գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք ուզում»:

Ու դեռևս չկա հարցի պատասխանը: Դա էլ Թերեզա Մեյին տվել է իրավունք պնդելու, որ միակ ընդունելի տարբերակն իր առաջարկած և երկու անգամ մերժված ծրագիրն է:

«Մենք իսկապես կարող ենք երաշխավորել «Բրեքզիթի» իրականացումը, եթե այս շաբաթ պահպանողական ընդդիմախոսները հավանություն տան ծրագրին», - ասել է Թերեզա Մեյը՝ դիմելով գործարքը դեռ մերժող կուսակիցներին:

Մեյը 2016 թվականից է զբաղեցնում վարչապետի պաշտոնը: Վերջին օրերին ակնհայտ է դարձել, որ նրա լիդերությունն այլևս անընդունելի է պահպանողականների զգալի մասի և կառավարության առանցքային նախարարների համար:

Պահպանողականներն ասում են, որ հարկ է ընդունել «Բրեքզիթի» փաթեթը և փոխել վարչապետին՝ հուսալով, որ նոր լիդերն ի զորու կլինի անցնցում «Բրեքզիթ» իրականացնել:

«Ես զգում եմ իմ կուսակցությունում առկա տրամադրությունները, պատրաստ եմ դրանք հաշվի առնել, բայց եկեք նախ հաստատենք ԵՄ-ից դուրս գալու կարգը», - ասել է վարչապետը:

«Սա ճգնաժամ է, խառնաշփոթ, որին կհաջորդի քաոսը: Սա խայտառակ բեմադրություն է, ծաղր ենք դարձել բրիտանացիների և ամբողջ աշխարհի աչքերում», - ասել է Շոթլանդական ազգային կուսակցությունից պատգամավոոր ընտրված Դրյու Հենդրին:

Վաղը խորհրդարանը կփորձի լրամշակել և հաստատել ծրագիրը: Եթե քննարկումներն ապարդյուն լինեն, օրենսդիրները հարցին կանդրադառնան երկուշաբթի օրը:

XS
SM
MD
LG