Մատչելիության հղումներ

Մեյի կառավարությունը կփորձի երրորդ անգամ Համայնքների պալատին ներկայացնել «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը


Չի բացառվում, որ արդեն քանի ժամից Թերեզա Մեյի կառավարությունը փորձի երրորդ անգամ Համայնքների պալատի դատին ներկայացնել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու՝ «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին հինգշաբթի օրը խորհրդարանականներին հայտնեց Համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը:

«Ներկայացված առաջարկը կհամապատասխանի Համայնքների պալատի խոսնակի որոշմանը: Եթե մենք իրոք ուզում ենք լքել ԵՄ-ն մինչև մայիսի 22-ը, ապա համաձայնագիրը պետք է հաստատվի մինչև մարտի 29-ի ժամը 23։00: Պետք չէ մոռանալ, որ Եվրամիության խորհուրդը համաձայնել է «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգել մինչև մայիսի 22-ը միայն մեկ պայմանով՝ եթե համաձայնագիրը հաստատվի մինչև այս շաբաթավերջ», - հայտարարում էր Լիդսոմը` նշելով, որ հակառակ պարագայում պաշտոնական Լոնդոնը ստիպված կլինի ժամկետների շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել ԵՄ-ի հետ:

«Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք մեկ անգամ ևս հանդես գալ «Բրեքզիթ»-ի ժամկետների երկարաձգման խնդրանքով, կամ էլ բախվել [Մեծ Բրիտանիայի] տարածքում Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման պահանջին», - նշում էր Լիդսոմը:

Հիշեցնեն՝, որ մարտի 21-ին «Բրեքզիթ»-ին նվիրված ԵՄ հատուկ գագաթաժողովի ընթացքում միաձայն որոշում էր կայացվել, ըստ որի, Մեծ Բրիտանիան դաշինքը լքելու երկու տարբերակ ունի՝ կամ Համայնքների պալատը հաստատում է «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը և Լոնդոնը Եվրամիությունը լքում է մայիսի 22-ին,կամ էլ չի հաստատում և Միացյալ թագավորությունը եվրոպական ընտանիքից հեռանում է ապրիլի 12-ին։

Մայիսի 22-ը որպես վերջնաժամկետ Եվրամիության կողմից ևս պատահականորեն չի ընտրվել, քանի որ դրա հաջորդ օրը կայանալու են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անցած շաբաթ հայտարարեց, որ նման լարված իրավիճակում անցկացված ընտրարշավն էլ ավելի կպառակտի բրիտանական հանրությանը:

Բրյուսելում ևս չեն ցանկանում բախվել մի կացության, երբ Եվրամիությունը լքող պետությունը ներկայացուցիչներ կունենա եվրոպական օրենսդիր մարմնում:

Հիշեցնենք նաև, որ «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը բրիտանական խորհրդարանն արդեն իսկ երկու անգամ` հունվարի 15-ին և մարտի 12-ին մերժել է:

Հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իռլանդիայի հանրապետության և Միացյալ թագավորության կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի ցամաքային սահմանին:

Երկու անգամ մերժված պայմանագրի համաձայն, սահմանային խիստ հսկողությունից խուսափելու նպատակով Հյուսիսային Իռլանդիան մինչև 2020 թվականի դեկտեմբեր շարունակելու է մնալ Եվրամիության միասնական շուկայի և մաքսային միության կազմում:

Համաձայնագրի ընդդիմախոսների կարծիքով՝ դա կնշանակի, որ Լոնդոնը կորցնում է Հյուսիսային Իռլանդիայի հանդեպ ինքնիշխան իրավունքների մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG