Առավոտյան 14 պատգամավոր էր գրանցվել: Կանոնակարգով սահմանված 4 ժամ անց էլ անհրաժեշտ թվով՝ 53 պատգամավորներ չհավաքվեցին: Վաղը՝ քառօրյայի երկրորդ օրը, կրկին կփորձեն:
«Ընդամենը գրանցվել է 26 պատգամավոր, և մենք քվորում չունենք, ուստի այսօրվա նիստը համարում եմ չկայացած: Մենք կհանդիպենք վաղը ժամը 10-ին», - հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Գլխավոր դատախազը միջնորդել էր խորհրդարանին թե՛ քրեական հետապնդման, թե՛ Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալ:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանը, ըստ իրավապահների, 2008-ին հանքերի շահագործման լիցենզիաներ տալու համար առանձնապես խոշոր չափերով՝ 14 միլիոն դոլար կաշառք է պահանջել ու ստանալ, բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն է օրինականացրել:
Ամենամեծ թվով՝ 8 պատգամավորներ գրանցվել էին «Ելք» խմբակցությունից, 7-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 4-ը՝ Դաշնակցությունից: Ամենաշատ պատգամավորներ ունեցող Հանրապետականից ներկա էին 6-ը, որոնց թվում էին արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հարցով Նիկոլ Փաշինյանին աջակցած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը:
Այսօրվա նիստին մասնակցելու համար խորհրդարանում էր նաև ՀՀԿ խմբակցությունը լքած, այժմ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված Շիրակ Թորոսյանը:
«Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, թե իրենք հարցի քննարկումը տապալելու միտում չեն ունեցել․ եթե դեմ են լինում, բարձրաձայնում են, նաև՝ դեմ քվեարկում:
Պատգամավորները, ըստ Պետրոսյանի, խորհրդարան չէին եկել քարոզարշավի պատճառով:
«Ելք»-ից Ալեն Սիմոնյանը դիտավորություն տեսավ Հանրապետականների մեծ մասի բացակայության մեջ․ - «Չեն գալիս իրենց ընկերոջը, այսպես ասած, հանձնեն: Ես չեմ կարծում, որ 14 միլիոն դոլարը միայն իր մոտ է մնացել: Ես վստահ եմ, որ այդ 14 միլիոն դոլարը տարբեր-տարբեր տեղ է տանելու: Դա իմ կարծիքն է: Որովհետև գումարը ահռելի է: Ես վստահ չեմ, որ դա միայն մի գրպան է գնացել»:
Նիստերի դահլիճ եկած հատուկենտ հանրապետականներից էր Խոսրով Հարությունյանը: Նա պնդեց, թե դիտավորություն ու սաբոտաժ չկա: Չնայած Հանրապետականն ակտիվ քարոզարշավ չի անցկացնում, գործընկերների այսօրվա բացակայությունը Հարությունյանը նախընտրական զբաղվածությամբ բացատրեց։ - «Սա որևէ մի կերպ սաբոտաժի հետ կապ չունի: Եթե էդպես լինի, ուրեմն բոլոր մնացածները, ովքեր բացակայում ենք այլ ֆրակցիաներից, նույնպես պետք է ասեն, որ նրանց սաբոտաժ են անում: Սա ուղղակի պայմանավորված է նախընտրական մրցապայքարի ներկա փուլով»:
Հարությունյանը պնդեց, թե որոշում Հանրապետականը չունի՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելուն․ - «Ֆրակցիայում նման քննարկում տեղի չի ունեցել»:
Հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իշխանության հակակոռուպցիոն պայքարը շոու էր որակել: Արամ Հարությունյանը չի առաջադրվում գալիք ընտրություններին որպես թեկնածու, ուստի, ըստ Աշոտյանի, երբ ավարտվի այս ԱԺ-ի լիազորությունները, նրան կալանավորելու համար դատախազական միջնորդության կարիք չէր լինելու:
«Ելք»-ի պատգամավոր, առաջիկա ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր հակադարձեց Աշոտյանին․ - «Եթե սա լիներ անակնկալ․․․ Հնարավոր է, որ նրանք [իրավապահները] տեղեկություն ունեն, որ էդ մարդը ուզում է լքի երկիրը․․․ հազար բան: Այն, որ դրա մասին մենք վաղուց գիտեինք, և հայտարարվել էր ամբիոնից, բոլորս գիտեինք: Հետևաբար եթե շոու է, էդ շոուն շուտ ա արվել: Փոխանակ ասեն, որ դատապարտում են, եթե նման բան ա էղել, փոխանակ ասեն՝ մենք մեր կամուրջները այրում ենք նման մարդկանց հետ, մենք չենք ուզում որևէ կերպ ասոցիացվել էդպիսի մարդկանց հետ, ընդհակառակն են անում»:
Պատասխանելով որոշ քաղաքական ուժերից հնչող քննադատություններին՝ դատախազությունն այսօր պարզաբանել է, թե ինչու են հիմա՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնում Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, թե երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքի բացահայտման համար մեկ փաստաթուղթ է պակասում, որը սպասում են արտերկրից: Այսօրվա հայտարարությամբ դատախազությունից պնդել են՝ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք ներկայացնելու համար բավարար ապացույցները հնարավոր է եղել ապահովել միայն նոյեմբերի 30-ին:
Բացի այդ, դատախազությունը տեղեկացրել է՝ հենց նույն օրը Արամ Հարությունյանը հրավիրվել է մասնակցելու քննչական գործողությունների, որին չի ներկայացել: Քննիչին նաև չի հաջողվել Հարությունյանի հետ կապ հաստատել: Դատախազությունը պնդում է՝ առերևույթ տվյալներ ունի, որ Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից։
ԱԺ այսօրվա նիստին ևս հանրապետական պատգամավորը ներկա չէր, նրա հեռախոսն անջատված է, Խոսրով Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ՝ արդյոք Հայաստանում է։