Մատչելիության հղումներ

Եթե այս ԱԺ-ն Արամ Հարությունյանի հարցով նիստը տապալի, մյուս ԱԺ-ն այդ հարցը կլուծի. Նիկոլ Փաշինյան


«Ես հույս ունեմ, որ պատգամավորները չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը», - այսօր Արարատ քաղաքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով Արթուր Դավթյանի միջնորդությունը։

«Արամ Հարությունյանի հարցով մտահոգություն է հնչում, որ վաղը կամ մյուս օրը Ազգային ժողովում քվորում չի լինի։ Կարող է լինել այդպիսի բան, որովհետև Ազգային ժողովի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են և, ըստ էության, Հանրապետականի ներկայացուցիչները կարող են բոյկոտել, չներկայանալ Ազգային ժողովի նիստին, քվորում չապահովել, կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կապակցությամբ։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ միջնորդության մեջ կալանքը ներառվա՞ծ է, թե՞՝ ոչ, դա իրավապահ մարմինների խնդիրն է, բայց ես նկատի ունեմ, որ դա ոչ մի բան չի նշանակում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն այդ հարցի քննարկման համար կներկայանան Ազգային ժողով, կգրանցվեն, համենայն դեպս մեր խմբակցության պատգամավորները ներկա կլինեն, կգրանցվեն, և ես հույս ունեմ, որ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը, բայց եթե նույնիսկ այդպիսի բան տեղի ունենա, մեծ հաշվով լավ չի, որ հետաձգվում է, բայց մեծ հաշվով արդեն մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա և այդ հարցը կլուծվի»։

Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ դատախազության, միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս Ազգային ժողովի նախագահի՝ տալու համաձայնություն Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Արա Բաբլոյանը դատախազի միջնորդությունն արդեն ստացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG