Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ


Արամ Հարությունյան, արխիվ
Արամ Հարությունյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ընդ որում, ըստ Գլխավոր դատախազության, նշված գումարից 6 մլն դոլարը 2008-ի հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Դատախազության հաղորդագրույթունում նշվում է, որ «այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ»:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:

«Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար», - ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք:

«Այս հանգամանքն ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը», - ասվածէ հաղորդագրությունում:

Ելնելով վերոգրյալից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս Ազգային ժողովի նախագահի՝ տալու համաձայնություն Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG