Մատչելիության հղումներ

ԱԺ-ն վաղը կքննարկի Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը


Արամ Հարությունյան, արխիվ
Արամ Հարությունյան, արխիվ

Ազգային ժողովը վաղը կքննարկի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

«Սովորական ընթացակարգով պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, քննարկվի հարցը և կատարվի քվեարկություն։ Մեր հերթական քառօրյա նիստը կսկսվի վաղն առավոտյան ժամը 10-ին և հարցն արդեն իրավունքի ուժով ներառված է Ազգային ժողովի նիստերի օրակարգում», - ասաց Բաբայանը։

Եթե վաղն Ազգային ժողովում քվորում չլինի, ապա հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ նիստում։

Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ դատախազության, միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս Ազգային ժողովի նախագահի՝ տալու համաձայնություն Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Արա Բաբլոյանը դատախազի միջնորդությունն արդեն ստացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG