ԱԺ-ի կողմից արտահերթ ընտրությունների անցկացումը խոչընդոտելը «հակասահմանադրական կլինի»

Փաստաբան Վահե Գրիգորյանի պնդմամբ՝ Ազգային ժողովը հակասահմանադրական գործողություն կկատարի, եթե որևէ կերպ խոչընդոտի այս տարվա դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշմանը:

Իրավաբանն ընդգծում է, որ պատգամավորները, կառավարության ծրագիրը հաստատելով, արդեն իսկ Նիկոլ Փաշինյանին առավելագույնը մեկ տարում արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնություն են տվել, և հիմա վարչապետը կարող է իր նախընտրած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել։

«Դատապարտելի է, որ օրենսդիր իշխանության մարմինը որոշի գործադիր իշխանության պաշտոնյայի այս կամ այն, իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում կատարելիք գործողությունը, դրա ժամկետները և այլն: Կառավարության հաստատված ծրագրում շատ հստակ նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս կառավարությունը պիտի բերի մեկ տարվա ընթացքում: Որևէ ժամկետ չի նախատեսված այնտեղ: Այն պահի դրությամբ, երբ հաստատվել է կառավարության այդ ծրագիրը, և սա շատ կարևոր է գիտակցել, սահմանադրական այս կարգավորումներն են եղել ուժի մեջ, ինչի մասին մենք նոր խոսեցինք, և յուրաքանչյուր պատգամավորի համար հստակ է եղել, թե որն է այն սահմանադրական ճանապարհը, որով Ազգային ժողովը կարող է արձակվել: Եվ նրանք ամբողջությամբ համաձայնություն են տվել այդ ծրագրին: Կառավարության ծրագիրը չհաստատվելու դեպքում այս կառավարությունը հրաժարական տված էր համարվելու: Դա լրջագույն քաղաքական, իրավական որոշում է, որը կայացրել է Ազգային ժողովը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահե Գրիգորյանը:

Հարցին՝ եթե Ազգային ժողովը փորձի որևէ կերպ խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, դրանով կխախտի՞ սահմանադրական կարգը, Գրիգորյանն արձագանգքեց․ - «Նրա գործողությունները ուղիղ հակասահմանադրական են լինելու»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերին, և հնարավոր է առաջիկայում հրաժարական տա:

Գրիգորյանի խոսքով՝ խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու սահմանադրական միակ ճանապարհը հենց վարչապետի առաջարկած սցենարն է․ պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը 2 անգամ անընդմեջ չպետք է ընտրի նոր վարչապետ․ - «Եվ սա փաստացի այն միակ հնարավորությունն է, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանին արձակվելու հնարավորություն է թողնում»:

Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն չի ընձեռում հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի․ - «Ամեն դեպքում, հարցը հանրաքվեի դրելու համար Ազգային ժողովի որոշումը պետք է: Եվ այլ ճանապարհներ որոնել, թե ինչպես Ազգային ժողովը արձակել, ես կարծում եմ, որ և՛ քաղաքական, և՛ իրավական իմաստով ոչ միայն անարդյունք, այլև մերժելի պրպտումներ են»:

Վահե Գրիգորյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում շրջանառվող տարբերակին, թե «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու պարագայում հնարավոր է խորհրդարանի լուծարումը, ասաց․ - «Բացարձակապես ոչ: Նույնիսկ եթե խմբակցություններից մեկը իր ողջ ցուցակով հրաժարվի մանդատներից, դա դեռ չի նշանակի, որ դա Ազգային ժողովի արձակման հիմք է, իրավունք է»: