«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին», - երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է տալու հրաժարական, ավելացնելով․ - «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավել պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:
Հարցին, թե ստեղծված իրավիճակը քննարկե՞լ են նախագահ Արմեն Սարգսյանի հետ Փարիզում, որտեղ մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Այո, և Երևանում նա ամսի կարծեմ 9-ին է վերադառնում, երբ վերադառնա, անպայման կքննարկենք»:
Վարչապետը հավելեց, որ իր՝ Փարիզում գտնվելու ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ևս կքննարկեն, մասնավորապես նշելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Նա հայտնեց, որ հանդիպումներ կլինեն Ծառուկյանի, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանի կողմից կառավարության աշխատանքը խոչընդոտել-չխոչընդոտելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի խորհրդարանը չի կարող խոչընդոտել, քանի որ «խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:
Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին դիմելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Մանրամասները տե՛ս այստեղ