Մատչելիության հղումներ

«Դեկտեմբերին ընտրությունների գնալը վտանգավոր է». Վահրամ Բաղդասարյան


«Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր քայլ է», - այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ «դրա արդյունքում կարող ենք ունենալ միահեծան Ազգային ժողով», և չի կարող ձևավորվել իրական ընդդիմություն։

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 1-ին ունեցած հանդիպման ընթացքում շեշտել է, որ ինքը կարող է երաշխավորել, որ վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, եթե ընտրությունները տեղի ունենան մայիս-հունիս ամիսներին, ինչ վերաբերում է դեկտեմբերին, ապա նման երաշխիք տալ ինքը չի կարող, և այդ մասին նաև ասել է հոկտեմբերի 2-ին՝ Փաշինյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Բաղդասարյան. - Հոկտեմբերի 2-ին, 17։45 րոպեին՝ մեր հանդիպման ժամանակ, ես արդեն հայտարարել եմ, որ ես չեմ կարող դեկտեմբերի հայտարարության հետ կապված որևէ երաշխավոր հանդիսանալ։

«Ազատություն. - Դուք չե՞ք բացառում, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դուք հնարավոր է ունենաք թեկնածու, կամ հայտնվի մի թեկնածու այլ ուժի կողմից և դուք [ՀՀԿ] պաշտպանեք այդ թեկնածուին։

Բաղդասարյան. - Ես այդ մասին որևէ բան չասացի, քանի որ նման քննարկում, հավատացեք, դեկտեմբեր ամսվա հետ մենք չենք ունեցել։

«Ազատություն». - Եթե երաշխիք չեք կարող տալ, ուրեմն չեք էլ կարող բացառել այդ հնարավորությունը, ճի՞շտ է։

Բաղդասարյան. - Իհարկե, եթե քննարկումներ լինեն և այդ քննարկումներին նաև իմ կարծիքը համապատասխանի, կարող է ինչ-որ նոր հայտարարություն անենք, բայց առայժմ չկա նման քննարկում, չկա նման հայտարարություն։ Մենք հակված ենք բանակցային պրոցեսը շարունակելուն՝ այնտեղ որտեղ ընդհատել ենք։

«Ազատություն». - Եթե չի լինում պայմանավորվածություն և Փաշինյանը հրաժարական է տալիս դուք կմասնակցե՞ք դեկտեմբերյան ընտրություններին, թե՞՝ ոչ։

Բաղդասարյան. - «Եթե»-ներով չենք շարժվում առաջ, երբ որ կլինի քննարկում, դրա մասին որոշում կկայացնենք։ Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ։

Հանրապետական խմբակցության ղեկավարը շեշտեց՝ եթե Փաշինյանը պնդի, որ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, և այդ հարցի շուրջ ոչ մի բանակցություն տեղի չի ունենալու, ապա այդպիսի բանակցություններն իմաստ չունեն, բանակցություն նշանակում է գնալ փոխզիջումների, եթե չկա փոխզիջում, չկա բանակցություն:

«Բայց եթե արդեն իսկ նախօրոք տրված է՝ «մենք գնում ենք բանակցության դեկտեմբերի համար», մենք պատրաստ չենք նման բանակցությունների։ Եթե մենք գնում ենք բանակցության ճանապարհային քարտեզը ստեղծելու համար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նաև ժամկետները քննարկելու կառավարության ծրագրի շրջանակներում, դա էլ եմ նշում, մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների։ Բայց մեկ կետով արդեն որոշված դեպքի համար, իմ քաղաքական ուժը, որի հետ ես խորհրդակցել եմ, նրանք պատրաստ չեն նման բանակցությունների գնալու։ Իսկ, նորից եմ կրկնում, բանակցությունը դա նշանակում է կոնսենսուս, դա նշանակում է փոխզիջում, դա նշանակում է միասնական որոշում կայացնել։ Եթե կան նման բանակցություններ, մենք պատրաստ ենք հենց այս պահից գնալ բանակցությունների», - ասաց Բաղդասարյանը։

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարի պնդմամբ, իրենք որևէ պայմանավորվածություն չեն խախտել, Նիկոլ Փաշինյանն ինքն է միանձնյա որոշել արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին, ինչի մասին և իրազեկել է հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանում քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Բաղդասարյանի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության քվեարկության համար երեկոյան արտահերթ նիստ անելու իրենց որոշումը պայմանավորված է եղել Փաշինյանի հենց այդ հայտարարությամբ։

Լենա Նազարյան
Լենա Նազարյան

Մինչդեռ իշխանական «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր շեշտեց՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է շատ հստակ հայտարարեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞՝ ոչ, և թե արդյո՞ք համաձայն են, որպեսզի արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Այս հարցերի պատասխանները, ըստ Նազարյանի, խիստ անհրաժեշտ պայմանները են բանակցությունների համար:

Ճշտող հարցին, թե իրենք, փաստորեն, չե՞ն ստացել դեռևս հավաստիացում, որ խորհրդարանական ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին, Նազարյանը պատասխանեց. - «Ոչ, ես կարծում եմ, որ պետք է դա շատ ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջակցություն հայտնել հեղափոխությանը, կամ վարչապետին»։

Ի դեպ, Նազարյանը կոչ արեց պատգամավորներին՝ սթափ գնահատել իրավիճակը, հասկանալ, որ պատասխանատու են այս պատմական պահի համար և որ վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում իրենք ճոճելու են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում:

Նազարյանն անգամ կոչ արեց պատգամավորներին՝ դեմ գնալ իրենց կուսակցությունների և խմբակցությունների որոշումներին։

«Ես նույնիսկ կոչ կանեի իմ գործընկերներին՝ գործել իրենց կուսակցության շահի դեմ և իրենց կուսակցության դեմ անգամ, եթե համաձայն չեն, անհատները նկատի ունեմ խմբակցությունների, երբ իրենց խմբակցությունը թեկնածու առաջադրի։ Այստեղ ես կարևորում եմ յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշումը և լավ կլինի, որ պատգամավորներն արդեն սկսեն խոսել դրա մասին», - ասաց Նազարյանը։

Սպարտակ Սեյրանյան
Սպարտակ Սեյրանյան

Նկատենք, որ այսօր ուշագրավ էր ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հայտարարությունը: Ըստ նրա, եթե քաղաքական բոլոր ուժերը երկխոսության և բանակցությունների միջոցով գան համաձայնության, որ առանց Ընտրական օրենսգիրքը փոփոխելու էլ համաձայն են դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների, ապա իրենք էլ իրենց համաձայնությունը կտան։

«Եթե Ընտրական օրենսգիրքն էլ չընդունվի, եթե այդ պայմանավորված ճանապարհային քարտեզն էլ իրականություն չդառնա, բայց բանակցությունների, երկխոսության, ընդհանուր հայտարարի գալու պայմաններում խորհրդարանական բոլոր ուժերը կոնսենսուսով կհանգեն նրան, որ առանց դրա էլ կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների այդ դեպքում մենք, բնականաբար, կհամաձայնվենք, բայց, նորից եմ կրկնում, եթե դա տեղի ունենա երկխոսության, բանակցությունների արդյունքում», - ասաց Սպարտակ Սեյրանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG