Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ծառուկյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հուշագիր ստորագրեցին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համատեղ հուշագիր են ստորագրել` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Հուշագրում նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

«Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ», - մասնավորապես ասված է հուշագրում:

Կողմերը հուշագրով նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ բոլոր հարցերով ժողովրդի կողքին է, Փաշինյանի կողքին է։

«Դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն, որ հենց առաջին օրվանից, որ շարժումը սկսվել է՝ Դուք սկսել եք, մենք աջակից ենք եղել դրան՝ սպասելով, որ այդ ծրագիրն իրականություն դառնա։ Բոլոր հարցերով, ես նորից եմ ասում, ես իմ ժողովրդի կողքին եմ, շարժման կողքին եմ, Ձեր կողքին եմ։ Մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք։ Մենք ընդունել ենք հեղափոխությունը։ Ես Ձեզ հետ եմ, Ձեր կողքին եմ և ընդունելով, ճանաչելով Ձեզ, Ձեր սկզբունքը, Ձեր մոտեցումը, Ձեր արդարությունը, Ձեր պահվածքը, որ այսօր միասնական մենք դրա կողմնակիցն ենք», - ասել է Ծառուկյանը։

Վարչապետն էլ նշել է՝ «ներքաղաքական իրավիճակն այնպիսի երկրում, երբ կառավարությունն ունի ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունն, այդպիսի երկրներում քաղաքական իրավիճակը չի կարող լարվել ի բնե, որովհետև լարվածության բևեռները չկան»։

​Ազգային ժողովի չորս խմբակցություններից առայժմ մեկի հետ է Փաշինյանը այսպիսի հուշագիր ստորագրել։ Ավելի վաղ վարչապետն ասել է, որ «Ելք» խմբակցության մասով այդպիսի անհրաժեշտություն չկա։

Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցությանն, ապա նույն ժամին կառավարության շենք էին եկել նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները՝ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։

Վերջինս փոխանցեց, որ իրենք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, Համբարձումյանը չասաց՝ արդյոք կողմ են դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ, բայց փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպումը որակեց կառուցողական և արդյունավետ։​

«Եւնեցել ենք շատ շահագրգիռ, օգտակար քննարկում հարցերի լայն շրջանակի հետ կապված։ Կարծում եմ, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար», - ասաց Համբարձումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG