Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին թիրախավորել են կառավարության մաս կազմող ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
Նաիրա Զոհրաբյանը պետական համակարգին մեղադրում է անգործության և իր դեմ սոցիալական ցանցերում պայքար սկսելու համար, իսկ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ նախօրեին նախընտրական ելույթում Փաշինյանին հիշեցրել է, որ նրա ղեկավարած կառավարության սահմանադրական փոփոխությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրերը խորհրդարանով են անցնելու, իրենց քվեի կարիքն է լինելու:
«Նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջ ի վերջո Ազգային ժողով է գալու, ու էդ մարդիկ, որ Ձեզ մի անգամ օգնել են, կարող են հիմա չօգնել», - ասել էր Սարգսյանը:
«Ես չէի մտածում, որ պետությունը, պետական ողջ ինստիտուտները, իրենց ողջ գործը թողած, սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրսներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Դա մեկ բանի մասին է խոսում՝ որ մենք ճշմարիտ ենք, որ իրենք վատաբանելուց բացի, որևէ այլ բան չունեն առաջարկելու», - հայտարարել էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Զոհրաբյանը:
Հնարավո՞ր է ստեղծված իրավիճակը հանգեցնի համաձայնության կառավարության փլուզմանը: Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որոշողը վարչապետն է․ - «Ինքը առաջարկել է Արտակ Զեյնալյանին նախարար լինել, ինքն էլ կարող է իր առաջարկից դուրս գալ ու ազատել Արտակ Զեյնալյանին: Եթե գործընթացները գնան էնպես, որ լարումները օր-օրի ավելանան, էս հեռակա բանավեճը է՛լ ավելի խորանա, գտնենք ոչ նպատակահարմար, իհարկե կհրաժարվենք կառավարության մաս կազմելուց: Բայց էդ դեպքում դուք ասելու եք՝ ինչո՞ւ թողեցիք վարչապետին մենակ»:
Նախընտրական շրջանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կոշտ քննադատությանն արժանացած կառավարությունում ԲՀԿ-ն զբաղեցնում է մեկ փոխվարչապետի, երեք նախարարի և երկու մարզպետի պորտֆել: Նաիրա Զոհրաբյանը չի դադարում պնդել, որ այս կառավարությունը պետական ռեսուրսներով շարունակում է պատերազմել իր դեմ, ավելին՝ շտապել է իր պնդումները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել:
Մինչդեռ կառավարությունում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու հարցը կուսակցությունում չի շոշափվել․ - «Մեր օրակարգում նման հարց չկա, մենք նման հարց չենք քննարկել, և ես չեմ էլ կարծում, թե ինչու պիտի մենք նման հարց քննարկենք: Ոչ, նման նույնիսկ մտադրություն չկա, և նման քննարկման օրակարգ, անհրաժեշտություն մենք չենք տեսնում»:
Վարչապետը հերքում է պետական ռեսուրսների օգտագործումը նախընտրական պայքարում
ԲՀԿ-ի թեկնածուի պնդումներն անարձագանք չի թողել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ազատության» հետ զրույցում ասել է, թե առաջին անգամ է լսում նման արշավի մասին․ - «Ամոթ է տենց բանի մասին խոսելը: Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը․․․ Անհնար է տենց բան ուղղակի, բայց ես կզբաղվեմ»:
Վարչապետի խոստմանը հաջորդեց ոստիկանության հայտարարությունը: Ոստիականությունը պարզաբանում է, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերում իրենց անձնական էջերում տարածված՝ օգտատերերի գնահատմամբ՝ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ: Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու և պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարանի միջոցով: