Մատչելիության հղումներ

«Կզբաղվեմ՝ տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին». Նիկոլ Փաշինյան


Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ չի իրականացվում, «ամոթ է տենց բանի մասին խոսելը», երեկ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատության» խնդրանքով արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն հայտարարությանը, թե «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում քաղաքապետի իրենց թեկնածու դեմ, ընդ որում «նախարարությունների աշխատակիցների մասնակցությամբ»։

«Ազատություն». - Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է։

Նիկոլ Փաշինյան. - Էդ լո՞ւրջ եք հարցնում։

«Ազատություն». - «Բարգավաճ Հայաստան»-ն է պնդում, որ Նաիրա Զոհրաբյանի հանդեպ «տեռոր» է իրականացվում։

Նիկոլ Փաշինյան. - Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ դրանով, տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին։

«Ազատություն». - Պետական ապարատը չի՞ աշխատում որևէ թեկնածուի դեմ։

Նիկոլ Փաշինյան. - Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը։ Անհնար է տենց բան ուղղակի, բայց ես կզբաղվեմ։ Առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ։

«Իմ քայլը» դաշինքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում եմ միմյանց՝ «սև փիառ» անելու մեջ։ Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ: Ընդ որում, ըստ Տոնոյանի, դրան մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր։

«Բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք մեր ձեռքի տակ և առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին», - ասաց Տոնոյանը։

Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Երևանը «կլոունադաների» տեղ չէ։ «Ազատությոան» հետ զրույցում Զոհրաբյանը մանրամասնեց. - «Ես նկատի ունեմ բոլոր այն գործիչներին, ովքեր Երևանը փորձում են բաժանել «սև»-ի և «սպիտակ»-ի, ովքեր փորձում են ասել՝ «մեր դեմ խաղ չկա», ովքեր փորձում են առաջնորդվել այն վատ մեսիջներով, որով ՀՀՇ-ն և ՀՀԿ-ն երկիրը տարան կործանման։ Այսինքն՝ «գալու ենք, ջախջախելու ենք, 90 տոկոս ձայն ենք տանելու»։ Չի կարելի, չի կարելի պատերազմ հայտարարել բոլոր քաղաքական ուժերին և չի կարելի այդքան չհարգել սեփական ժողովրդին»։

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG