«Երևանն այսօր կեղտից ու փոշուց մաքրվելու կարիք ունի, և ժամանակը չէ՝ միմիյանց վրա ցեխ շպրտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Ցեխ շպրտելու, կամ վարկաբեկելու, կամ պիտակավորելու ժամանակը չէ: Մենք այսօր պետք է մեր ծրագրային դրույթները ներկայացնենք և ասենք, թե ինչպես ենք մենք այդ ծրագիրը իրականություն դարձնելու, և բոլորս լծվենք այդ աշխատանքին: Մնացած խնդիրները՝ քաղաքական, իհարկե նույնպես կարևոր են, բայց դրանք մենք կարող ենք լուծել արտահերթ խորհրդարանական ընտրության միջոցով, և երբ կունենանք նաև դրա համար համապատասխան սահմանադիր օրենքներ, որ պետք է այս ընթացքում արդեն իսկ ընդունված լինեին: Ես կարծում եմ, այս տրամաբանության ներքո մենք պետք է շարժվենք, և հանուն Երևանի և երևանցու պետք է լինի այս քարոզարշավը», - հավելեց «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն:
Զարուհի Փոստանջյանը կարևոր է համարում է քաղաքապետի 12 թեկնածուների միջև բանավեճը: «Ազատությունը» Փոստանջյանին հիշեցրեց, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին է հրավիրում բանավեճի:
Հարցին, թե ում հետ ինքը կցանկանար բանավիճել, Փոտսնաջյանն արձագանքեց, որ չի մասնավորեցնի․ - «Ես գտնում եմ, ոչ բոլորը, ովքեր ունեն ծրագիր, ովքեր ցանկանում են և հավակնում են դառնալ ծառա Երևանին ու հանուն Երևանի աշխատել, նրանք բոլորը թող գան բանավեճի և ներկայացնեն: Պետք չէ մասնավորեցնել և պետք չէ անուններով միայն հնչեցնել: Ովքեր որ թեկնածուներ են, նրանք, իհարկե, պետք է գան: Դրանից հետո հանրությունը թող ինքը որոշի, ինքը կողմնորոշվի, թե ում է վարձելու որպես քաղաքապետ»:
Ամփոփելով քարոզարշավի շրջանակներում վարչական շրջաններով մեկ շաբաթվա շրջայցերը՝ կուսակցության նախագահն ու քաղաքապետի թեկնածուն նշեց՝ խնդիրները գրեթե բոլոր տեղերում նույնն են, ամբողջ քաղաքը թաղված է խնդիրների մեջ։
«Գերակա են աղբահանության խնդիրները, աղբի վերամշակման խնդիրը, գերեզմանատների ոչ բարեկարգ վիճակը և նրանց քաղաքի բնակելի տարածքների մեջ գրեթե տարրալուծվելը, ոռոգման համակարգի գրեթե բացակայությունը, պուրակների, մայթերի և անտառածածկ տարածքների վերացումը․ սրանք այն խնդիրներն են, որոնք ակնառու են բոլոր վարչական շրջաններում։ Վերելակները գրեթե բոլոր բարձրահարկ շենքերում պետք է փոխվեն, դրա համար մենք նախատեսում ենք կառուցել վերելակների գործարան, որի միջոցով պետք է փոխենք։ Իհարկե ոչ բոլոր մասերն այստեղ կարտադրվեն, որոշները նաև կբերվեն և այստեղ կհավաքենք», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Քաղաքաշինության կանոնները նույնպես մեր վերահսկողության ներքո պետք է լինեն, որովհետև այստեղ էլ ունենք բազմաթիվ խնդիրներ։ Շքամուտքեր, պատշգամբներ որոնք կարիք ունեն վերանորոգման, մինչդեռ շենքի կառավարիչները, համատիրությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել, բայց բնակիչներից գանձել են գումարներ։ Ամբողջ քաղաքը թաղված է խնդիրների մեջ»։
Մայրաքաղաքի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին, ավագանու աթոռների ու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 քաղաքական ուժ։
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։