Ժիրայր Սեֆիլյանի հանրային պաշտպանն իր ներկայությամբ ապահովեց դատավարության ընթացքը

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյան

Չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, ըստ էության, ստանձնեց ընդդիմադիրների պաշտպանությունը:

Ի տարբերություն Հանրային նախորդ պաշտպանի, Թովմասյանը չհեռացավ դահլիճից, թեև ողջ օրվա ընթացքում որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, լուռ լսեց Սեֆիլյանի ու Պողոսյանի մեղադրական եզրակացությունը՝ չներկայացնելով առարկություններ:

«Իմ կողմից այցելություն է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեֆիլյանը բացարձակապես հրաժարվել է տեսակցելու: Այսպիսով իմ՝ գործին մասնակցությունը կրելու է ձևական բնույթ», - դատարանում հայտարարեց Թովմասյանը: - «Այսինքն ես ապահովելու եմ ֆիզիկական մասնակցություն: Եթե դատարանը գտնում է, որ պաշտպանի ֆիզիկական մասնակցությունը բավարար է արդարադատություն իրականացնելու համար, ապա դատարանը թող կազմի համապատասխան որոշում»:

Մարինե Թովմասյանը միջնորդեց վերացնել սանկցիան՝ դահլիճ բերել Սեֆիլյանին ու Պողոսյանին, ովքեր մի քանի ժամով հեռացված են նիստերից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը:

Ընդմիջմանը հանրային պաշտպանից հետաքրքվեցինք, թե ինչու նախորդի օրինակով չի հրաժարվում գործից ու լքում դահլիճը: Մարինե Թովմասյանի պատասխանը․ - «Դատարանի որոշում կա, որով ես պարտավորություն ունեմ․․․ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կոչված ենք ապահովել էս ձևական բնույթը՝ սխալ պատկերացում է»:

Լուրը ստանալով՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած բողոքի ակցիա է իրականացրել հանրային այս պաշտպանի տան դիմաց:

«Պիկետ եմ արել պաստառով, որի վրա գրված ա «Հանրային պաշտպա՞ն, թե՞ դատախազության գործակալ», և պահանջում եմ, որ նա հետ կանգնի այս անպարկեշտ, ցինիկ և ստոր քայլից: Ժիրայր Սեֆիլյանը, որը անազության մեջ ա, նա և իրա մյուս գործընկերը, որին պարտադրել են այս հանրային պաշտպանին, ինքը զրկված ա ամենատարրական իրավունքից՝ իր բողոքի ձայնը ներկայացնելուց, որ չի ուզում էս հանրային պաշտպան կոչվածը իրեն ներկայացնի: Ես փորձում եմ էստեղ իմ ձայնը բարձրացնեմ: Ի վերջո պետք է հասկանան էս փաստաբան կոչվածները, որ իրենք իրավունք չունեն հակառակ անձի կամքին, իրենց պարտադրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին:

Այպիսով, դատավարության մեկնարկից երեք ամիս անց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ավարտեց նախապատրաստական փուլն ու անցավ բուն դատաքննությանը:

Այսօրվանից արգելվեց նիստերի տեսանկարահանումը․ վկաների հարցաքննությունից առաջ այպիսի միջնորդություն արեց մեղադրող դատախազը, և դատարանը բավարարեց այն:

Դատավարությունը բոյկոտեցին ընդդիմադիր մեղադրյալների համակիրները՝ միասին լքելով դահլիճը: Օրվա երկրորդ կեսին գրեթե դատարկ դահլիճում էին 7 ամբաստանյալներից երկուսը, մի քանի պաշտպաններ, դատավորն ու մեղադրող դատախազները:

Ընթերցելով Սեֆիլյանի մեղադրական եզրակացությունը՝ դատախազը հայտարարեց, թե 2015 թվականի ապրիլի 24-ին չհաջողելով զանգվածային անկարգություններ իրականացնել՝ ընդդիմադիր գործիչը չի հրաժարվել հանցավոր մտադրությունից, զինված խմբեր է ստեղծել ռազմակավարական նշանակության շենքեր գրավելու համար, որպեսզի պետությանը պարտադրեր որոշակի գործողություններ: Թե կոնկրետ ինչ, մեղադրող դատախազը չմանրամասնեց: Ըստ մեղադրանքի՝ սահմանադրական հանրաքվեին նախորդած ցույցերից մեկի օրը՝ դեկտեմբերին 1-ին ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը: Սեֆիլյանը, սակայն, խմբին հրահանգը չի տվել: Հետագայում թիրախավորվել են Նուբարաշենի զորամասերը․ - «Հովհաննես Պետրոսյանը անձամբ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, հայտնել, որ ապրիլյան պատերազմից հետո զորամասերի վրա հարձակում գործելը կդիտվի որպես դավաճանություն, սակայն վերջինս պնդել է իր հանցավոր մտադրությունը և հայտնել, որ դա իր երկար մտածած ծրագիրն է»:

Ի դեպ, զինված խմբերից մեկը, ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանն անվանել է «Կարոտ»: Դատախազը հայտարարեց, որ գործով չպարզված անձինքն էլ կան:

Դատարանն այսօր որոշեց մասամբ վերացնել Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը` թույլ տալով, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը կալանավորումից ավելի քան մեկ տարի անց քրեակատարողական հիմնարկում վերջապես հանդիպի կնոջն ու երկու որդիներին։

Դատական հաջորդ նիստը մեկ շաբաթից է: