Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր ևս հաշված րոպեներ տևեց, 7 մեղադրյալներից վեցի ու նրանց պաշտպանների բացակայությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փաստաբաններին կոչ արեց չտապալել նիստերը՝ սպառնալով նրանց հեռացնել գործի վարույթից:
Փաստաբանները, մինչդեռ, հայտարարել են, որ ամբաստանյալներն են արգելել առանց իրենց մասնակցել նիստերին: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով մի քանի ժամով դահլիճից հեռացված Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը դատարանում պնդել են, որ պաշտպաններին թույլ չեն տալիս գալ նիստերին, եթե իրենք այնտեղ չեն:
«Դատարանը պաշտպաններին կրկին հիշեցնում է, որ նրանց՝ դատական նիստերին չմասնակցելու պարագայում նրանց գործողությունները պարզապես հանգեցնելու են հանրային պաշտպան նշանակելու մասին որոշման կայացմանը», - ընդգծեց դատավորը: - «Դատարանը պարզաբանել է նաև հիշյալ պաշտպաններին, որ նրանք իրավասու չեն ընդունելու իրենց վստահորդների անօրինական հանձնարարությունը, քանի որ դատական նիստերին չմասնակցելու, դատական նիստերի դահլիճը լքելու վերաբերյալ հանձնարարությունը օրինական համարվել չի կարող», - նաև ասաց Տաթևիկ Գրիգորյանը:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր փաստաբաններից մեկը՝ Նինա Կարապետյանցը, բայց նրան էլ կարգադրիչները թույլ չտվեցին շենք մտնել՝ պահանջելով ցույց տալ պայուսակի պարունակությունը: Փաստաբանը հրաժարվեց կատարել պահանջը:
«Սա խուզարկություն է, սա զննություն չէ: Որևէ խնդիր չկա, ես կարող եմ բացել՝ ցույց տալ, բայց դա սկզբունքային հարց է՝ դատարան մտնելիս ցույց չտալը», - հայտարարեց փաստաբանը:
Դատարանը Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմելով Փաստաբանների պալատ:
«Ամբողջ տենդենցը գնում է դրան, որ այն փաստաբանները, ովքեր չեն համաձայնում խուզարկվել, կհեռացվեն վարույթից, հետո՝ լիարժեք պատժելու համար մինչև անգամ լիցենզիայից զրկում կարող է լինել», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Նինա Կարապետյանցը:
Ի դեպ, այսօր հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատի խորհուրդը՝ պնդելով, որ՝ «․․․զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ փաստաբանի համար ստեղծել նվաստացուցիչ պայմաններ», օրինակ՝ բոլորի ներկայությամբ դրամապանակը, անձնական հիգիենայի պարագաները պայուսակից հանելու պահանջները:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը զուգահեռներ է տանում Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործերով նիստերի միջև․ - «Արդեն երկու ամիս է՝ նույն սցենարն է․ նմանօրինակ իրավիճակ ստեղծելով իբր հենք ունենալ, ասելու համար, որ այսպես հնարավոր չէ և փակ նիստեր, կամ հեռացնել մեղադրյալներին դատարանի դահլիճից, հեռացնել նրանց պաշտպաններին և ձևական դատավարություն անել»:
Դատարանի դահլիճից հեռացված չէ միայն այս գործով անցնող միակ այն մեղադրյալը՝ Հովհաննես Պետրոսյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Ի տարբերություն մյուսների՝ նա դատարանում ոտքի է կանգնում: Ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը պետք է իրավապահներին զինված դիմադրություն ցույց տալով զանգվածային անկարգություններ հրահրեր և այդ նպատակով կազմակերպված խմբի կազմում ձեռք էր բերել հրազեն ու ռազմամթերք, որպեսզի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր:
Ալեք Ենիգոմշյանը հիշեցնում է՝ ընդդիմադիր գործիչը ազատազրկվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ առաջինը հայտարարեց կորցված տարածքների մասին․- «Նա ամենայն խայտառակությամբ բացահայտեց այս իշխանությունների, այս վարչախմբի բացարձակ մերկությունը և «Հիմնադիր խորհրդարանը», որպես այն բացառիկ քաղաքական ուժերից մեկը, որը վարչախմբի, Սերժ Սարգսյանի թրի տակով չէր անցել, դրան այս ձևով մեկուսացնելու փորձ էր»:
Դատավարությունը կշարունակվի մեկ շաբաթից: