Մատչելիության հղումներ

Գասպարի․ Քաղաքական գործերով հանրային պաշտպանները օրահացի համար ծառայում են դատախազությանը


«Ազատության» հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ասաց, թե Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» գործերով դատական նիստերի ժամանակ իշխանությունները, ամբաստանյալների կամքին հակառակ, ներգրավում են հանրային պաշտպանների, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե դատավարության ժամանակ այդ մարդկանց իրավունքները պաշտպանված են եղել:

Գասպարին բողոքի ակցիա իրականացրեց՝ պառկելով Փաստաբանների պալատի շենքի մուտքի դիմաց՝ պահանջելով պալատի մաս կազմող Հանրային պաշտպանի գրասենյակից «օրահացի համար մեծ գաղափարները վտանգի տակ չդնել»․ - «Քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները ևս մեկ անգամ ոտնահարվում են, տրորվում են այսպես կոչված Փաստաբանների պալատի հանրային պաշտպանների միջոցով: Ամբաստանյալներին հեռացնում են դատական նիստերից, նրանց պաշտպաններին հեռացնում են, և փաստացիորեն փակ դատ են անցկացնում: Ինչ-որ մի հատ արձանիկ՝ հանրային պաշտպան էլ բերում էդտեղ նստացնում են, որ իբր թե օրինականության ձև տան դրան: Սա շատ ստոր մոտեցում է»:

Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» գործերով դատական վերջին նիստերը անցնում են հանրային պաշտպանների ներկայությամբ՝ այն պարագայում, երբ նիստերից հեռացված են ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները: Ընդ որում, ամբաստանյալները դեմ են հանրային պաշտպանների մասնակցությանը: Վերջիններս նույնպես չեն ցանկանում մասնակցել դատավարություններին, սակայն դատարանը, ըստ էության, պարտադրում է հանրային պաշտպաններին ներկա գտնվել դատավարություններին:

«Էդ մարդկանց հեռացնում են, պաշտպաններին նույնպես այլևայլ պատճառներով հեռացնում են, և այդ հանրային պաշտպանը բառացիորեն ինքն ասում ա՝ ես էստեղ պաշտպանություն չեմ կարող իրականացնել․․․ Մի հատ այսպես ասած ճղճիմ սցենար մշակված: Դատավորն ասում ա՝ այնուամենայնիվ Ձեզ նշանակում եմ: Հետո հանրային պաշտպանը կա՛մ նստում ա, կա՛մ դուրս ա գալիս էդ տեղից, գնում նստում ա ժողովրդի մեջ, դատավարության ականատեսների մեջ ա նստում: Ու փորձում են սրան օրենքի տեսք տալ: Այ այսպիսի ճղճիմ գործելաոճ․․․ Որ դատախազության կողմից դա արվել է, դա միանշանակ է մեր երկրում, իսկ որ Փաստաբանների պալատը, հանրային պաշտպանները և փաստաբաններն են դրան մասնակցում, դա շատ անընդունելի է»:

Քաղաքացիական ակտիվիստի ներկայացմամբ՝ իշխանություններըի նման գործելաոճի հասցեատերը միջազգային հանրությունն է․ - «Նրանք հիմիկվանից պատրաստվում են ՄԻԵԴ-ի համար, և միջազգային հանրությանը հաշվետվություններ տալու՝ դե բնականաբար ինչ-որ դրամաշնորհներից չզրկվելու համար: Ինձ թվում ա, որ այս ամենը արվում ա էդ կոնտեքստի մեջ»:

Գասպարին դիմեց Հանրային պաշտպանի գրասենյակին․ - «Ես դիմում եմ ուղղակիորեն էդ մարդկանց, որ գնում են, մասնակցում են այս սցենարին: Ուրեմն եթե իրանց մոտ կա ինչ-որ խղճի մի նշույլ, այ դրան եմ դիմում, որ նրանք իրանց օրահացը լուծելու համար մեծ գաղափարները ոտքի տակ չդնեն»:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի խոսքով, այստեղ առկա է լուրջ խնդիր և հակասություն, քանի որ մի կողմից Սահմանադրությամբ երաշխավորված է անձի պաշտպանությունը իր ընտրած դատապաշտպանի միջոցով, նույնը երաշխավորում է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, և ի վերջո Քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով «անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ»: Սակայն մյուս կողմից, նույն օրենսգրքի 69-րդ հոդավածի 5-րդ մասի համաձայն, եթե ամբաստանյալը հեռացված է դատարանի դահլիճից, ապա դատարանը կարող է պահպանել գործող պաշտպանի լիազորությունները կամ նշանակել այլ պաշտպան:

«Հանրային պաշտպանը կաշկանդված է 69 հոդվածով․․․ եթե նույնիսկ հանրային պաշտպանը հրաժարվում է, 69 հոդվածի 5-րդ մասը իմպերատիվ պարտադրում է հանրային պաշտպանին մնալ դատարանի դահլիճում: Էստեղ մենք ունենք խնդիր: Կա երկու տարբեր հոդվածներ՝ 68 և 69, որոնք մեջ առկա է հակասություն: Հիմա մենք պատրաստվում ենք դատարաններին միջնորդություն ներկայացնել՝ 69 հոդվածի 5-րդ մասի հակասահմանադրականության հարցը քննարկելու համար գործի վարույթը կասեցել և դիմել Սահմանադրական դատարան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG