Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր անցավ կիսադատարկ դահլիճում։ 7 ամբաստանյալներից դատարանում էր միայն մեկը՝ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը։
Մյուսների նկատմամբ նախորդ դատական նիստերին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա էր կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար և նրանց հեռացրել նիստերի դահլիճից։
Դատավորն այսօր սանկցիա կիրառեց նաև Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի փաստաբանների նկատմամբ՝ առանց իր թույլտվության նիստերի դահլիճը լքելու համար, և որոոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Մինչև դատական նիստը լքելը Արա Զաքարյանը և Նինա Կարապետյանցը մեկը մյուսի հետևից դատարանին փորձում էին բացատրել, որ քանի դեռ իրենց պաշտպանյալները հեռացված են, իրենք դատարանում անելիք չունեն։ Նրանք պահանջեցին դատարան բերել ամբաստանյալներին։
Արա Զաքարյանը շարունակեց պնդել, որ Ժիրայր Սեֆիլյանը հանձնարարել է առանց իրեն դատական որևէ նիստի չմասնակցել։ «Սեֆիլյանն ասել է՝ իշխանության մաս կկազմեմ, եթե մասնակցեմ նիստին», - ասաց փաստաբանը: - «Դատարանը ինձ դնում է անելանելի վիճակի մեջ, երբ դուրս է գալիս, որ ես պետք է ձևականորեն նստեմ դատարանի դահլիճում և իմ ֆիզիկապես առկայությամբ հնարավորություն տամ, որպեսզի դատավարություն իրականացվի, այնուհետև իրականացնեմ պաշտպանություն: Սա ուղղակիորեն հակասում է իմ պաշտպանյալի կողմից տրված ցուցումին: Այս պայմաններում ինձ այլ տարբերակ չի մնում, քան լքել դատական նիստերի դահկիճը և հավաստիացնել Ձեզ, որ դա ոչ թե անհարգալից վերաբերմունքի դրսևորում է դատարանի հանդեպ, սա ուղղակի պաշտպանական շահերից ելնող քայլ է»:
Դատավոր Տաթև Գրիգորյանը, մինչդեռ, հայտարարեց, թե փաստաբանների պատճառով են նիստերն անհարկի ձգձգվում, և պայման առաջադրեց՝ եթե ամբաստանյալները հարգանքով վերաբերվեն դատարանին, հնարավորություն կստանան ներկա գտնվել դատաքննությանը։ Ապա դիմեց փաստաբանին․ - «Պարզաբանում եմ, որ իրավունք չունեք առանց նախագահողի թույլտվության լքել դատական նիստերի դահլիճը: Դա Ձեր դատավարական պարտականությունն է, որը որ Դուք պետք է կատարեք անվերապահորեն: Դատարանը Ձեզ կարգադրում է դատական նիստերի դահլիճը չլքել»:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նախազգուշական սանկցիա կիրառեց նաև հանրային պաշտպան Աննա Ջուվանովայի նկատմամբ։
«Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի հանրային պաշտպանի աշխատանքային գործունեությունը դադարեցված է», - հայտարարեց դատավորն ու որոշեց Ջուվանովային ներգրավել որպես նրա նոր պաշտպան։ Նիստերի դահլիճից հեռացված, բայց մի քանի րոպեով դատարան բերված Գրիգորյանը, սակայն, հայտարարեց՝ ինքը պաշտպանի կարիք չունի և հրաժարվեց նրա ծառայություններից։
Իսկ Ջուվանովան հայտարարեց, որ չի կարող ստանձնել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը, և ոչ թե լքում է նիստերի դահլիճը, այլ կսպասի ապակե միջնորմից այն կողմ՝ ունկնդիրների համար նախատեսված սրահում։
Դատարանը, սակայն, չընդունելով հանրային պաշտպանի դիրքորոշումը, անցավ խորհրդակցական սենյակ՝ նախազգուշական սանկցիա կիրառելով նրա նկատմամբ։
Դատական նիստի ավարտից րոպեներ առաջ դատավորը հրահանգեց դատարան բերել նիստերի դահլիճից հեռացված Գևորգ Սաֆարյանին։ Ընդդիմադիր ակտիվիստի պաշտպան Տիգրան Եգորյանը, դատարանի ներկայացմամբ, չի մասնակցել վերջին մի քանի նիստերին, Եգորյանն այսօր ևս ներկա չէր։
Չնայած Սաֆարյանը մերժեց նոր՝ հանրային պաշտպան ներգրավելու դատավորի առաջարկը, Տաթևիկ Գրիգորյանն, այդուհանդերձ,որոշում կայացրեց Աննա Ջուվանովային ներգրավել որպես Սաֆարյանի պաշտպան։
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունության հետ: