Վրաստանի գերագույն դատարանը վերջակետ դրեց «Ռուսթավի 2»-ի գործով ամիսներ շարունակվող դատավարությանը: Երեկ ուշ երեկոյան հրապարակված դատավճռով հեռուստաընկերությունը հանձնվեց նախկին սեփականատեր գործարար Կիբար Խալվաշիին:
Այս որոշումը հրապարակվեց բազմամարդ ցույցի ուղեկցությամբ: Դատարանի շենքի մոտ էին հավաքվել «Ռուսթավի 2»-ի աջակիցները, ովքեր վանկարկում էին՝ «Ռուսթավի»-ն մերն է»:
«Մենք դարձանք երկրում ժողովրդավարության պարտության ականատեսը: Խոսքի ազատությունը Վրաստանում պարտություն կրեց», - հայտարարել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նիկա Գվարամիան՝ հավելելով, որ իշխանություններին միևնույն է չի հաջողվի լռեցնել իրենց:
Վրաստանի թերևս ամենաազդեցիկ այս լրատվամիջոցը հայտնի է իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ: Հարուստ պատմություն ունեցող «Ռուսթավի 2»-ը համարվում է «Վարդերի հեղափոխության» դրոշակակիր՝ այն եզակի լրատվամիջոցներից է, գուցեև՝ միակը, որը 2003-ին ակտիվորեն լուսաբանում էր Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած ցույցերը: «Վարդերի հեղափոխությունից» հետո «Ռուսթավի 2»-ը անվանեցին «հաղթանակած ժողովրդի հեռուստատեսություն»:
Վրաստանի ներկայիս իշխանությունների կարծիքով՝ «Ռուսթավի 2»-ը ծառայում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության շահերին: Ահա այդ մեղադրանքներին զուգահեռ էլ ծագեց վեճը, թե ում է պատկանում լրատվամիջոցը: Խալվաշին, ով հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին, հանկարծակի հայտնվեց և հայտարարեց, թե Սաակաշվիլիի մերձավորները 2006-ին իրեն ստիպել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը: Սաակաշվիլիի կողմնակիցները, մինչդեռ, պնդում են, որ իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարի` բաժնետոմսերն իրեն վերադարձնելու պահանջը քաղաքական պատվեր է, որի նպատակն է «Ռուսթավի 2»-ը դնել իշխանությունների լիակատար վերահսկողության տակ:
Առաջին հայացքից տնտեսվարող սուբյեկտների այս վեճը երկրում խորը մտահոգությունների, մինչև անգամ բողոքի բազմամարդ ակցիաների տեղիք է տվել: Վրաստանի քաղաքացիական հասարակությունը պնդում է, որ այդ գործընթացներն ուղղված են քննադատող խոսքը լռեցնելուն. ակտիվիստների կասկածները է՛լ ավելի խորացան, երբ վերջերս Հանրային հեռարձակողի տնօրենների խորհուրդը ձեռնարկեց ոչ-միանշանակ բարեփոխումներ, ինչի արդյունքում եթերից անհետացան քաղաքական թոք-շոուները:
Վրացական ընդդիմադիր լրատվամիջոցի շուրջ զարգացումներին ուշի ուշով հետևում էին ոչ միայն ներսում, այլ նաև դրսում: Երեկվա վճիռը կարող է սահմանափակել ընդդիմադիր կարծիքը․ նման գնահատականներ են հնչեցրել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Իշխող կուսակցությունից, սակայն, հավաստիացնում են՝ բազմակարծությանն ու ազատ խոսքին Վրաստանում ոչինչ չի սպառնում: «Քննադատող լրատվամիջոցները առաջին հերթին իշխանությանն են պետք», - հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արչիլ Թալաքվաձեն:
Մինչդեռ Կիբար Խալվաշին դատավճռի հրապարակումից անմիջապես հետո շտապեց հայտարարել, որ «Ռուսթավի 2»-ի խմբագրական քաղաքականությունը փոփոխվելու է: «Ռուսթավի 2»-ը այժմ իսկապես կդառնա ժողովրդի ծառան և չի լինի կողմնակալ ու ինչ-որ կուսակցության շահերը սպասարկողը», - ասել է հեռուստաընկերության ներկայիս սեփականատերը: