Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ը պարտվեց դատարանում


Վրաստան - Ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի ակցիա հեռուստաընկերության շենքի մոտ, Թբիլիսի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
Վրաստան - Ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի ակցիա հեռուստաընկերության շենքի մոտ, Թբիլիսի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

«Ռուսթավի 2»-ի շուրջ զարգացումները որևէ առնչություն չունեն խոսքի ազատության սահմանափակման հետ: Երեքշաբթի երեկոյան Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, մեկնաբանելով Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը, այդ մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաընկերության գործով դատավճռի հրապարակումից հաշվված ժամեր անց Վրաստանի վարչապետը նաև ասաց․ - «Սա դատավճիռ է, և մենք ի վերջո պետք է համակերպվենք այն մտքին, որ ժամանակակից, քաղաքակիրթ Վրաստանում, որտեղ փորձում ենք Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնել, յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել դատարանի կայացրած վճռին: Կառավարությունը ևս բացառություն չէ, այն ևս իրավունք չունի մեկնաբանել դատարանի վճիռները` դուր են գալիս դրանք իրեն թե ոչ: Մենք որպես օրինապաշտ քաղաքացիներ պարզապես պարտավոր ենք ենթարկվել դատավճիռներին»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամազ Ուրթմելիձեն երեկ բավարարեց հեռուստաընկերության նախկին սեփականատեր, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին կողմնակից, այժմ իշխող «Վրացական երազանք» դաշինքի հետ որոշակի առնչություններ ունեցող գործարար Կիբար Խալվաշիի հայցը: Դատարանի որոշմամբ՝ «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերի 60 տոկոսը փոխանցվում է անձամբ Խալվաշիին, մյուս 40 տոկոսը` նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը:

Դատարանի վճիռը, սակայն, առայժմ կյանքի չի կոչվի, քանի որ «Ռուսթավի 2»-ի իրավաբանները դրա հրապարակումից մի քանի օր առաջ դիմեցին բավական խորամանկ մի հնարքի: Նրանք հայց ներկայացրեցին Սահմանադրական դատարան` պահանջելով երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որով դատարանի վճիռները ուժի մեջ են մտնում անհապաղ կերպով` առանց բողոքարկման փուլի ավարտին սպասելու: Եվ քանի որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել հեռուստաընկերության իրավաբանների հայցը, ապա քաղաքային դատարանի վճռի ի կատար ածումը մեխանիկորեն կասեցվում է, քանի որ «Ռուսթավի 2»-ը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Եվ չնայած այն փաստին, որ «Ռուսթավի 2»-ին հաջողվել է որոշակի ժամանակ շահել, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համոզված է` Բիձինա Իվանիշվիլին հեռուստաընկերության, իր բնորոշմամբ՝ բռնագրավման գործը կիսատ չի թողնի:

«Այսօր Վրաստանում հետխորհրդային տարածքի լավագույն անկախ հեռուստաընկերության ռեյդերային գրավման փորձ է կատարվում», - հայտարարում էր Սաակաշվիլին` հավելելով․ - «Եթե Իվանիշվիլիին հաջողվի մուտք գործել «Ռուսթավի 2», դա կլինի այն ծրագրի հաղթանակը, որ 2008-ին չկարողացավ կյանքի կոչել Վլադիմիր Պուտինը` վերջ տալ վրացական ժողովրդավարությանը»:

Վրաստանի վարչապետի խոսքից, սակայն, կարելի է դատել, որ «Վրացական երազանք»-ի ղեկավարները առանձնապես չեն հավատում «Ռուսթավի 2»-ի անկախության մասին պնդումներին:

«Ռուսթավի 2»-ի լրագրողները լավ մասնագետներ են: Ես շատ հարգում եմ ձեզ և աջակցում եմ ձեր գործունեությանը, քանի որ ակնհայտ է, որ հեռուստաընկերության կոլեկտիվը շատ յուրահատուկ ոճով է լուսաբանում Վրաստանում ծավալվող իրադարձությունները: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ`լրագրողների և լրատվամիջոցների քաղաքականացումը անթույլատրելի է: Բոլոր քաղաքական գործիչները պետք է զերծ մնան նման քայլերից: Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի Վրաստանում լրատվամիջոցների և լրագրողների քաղաքականացում տեղի ունենա», - հայտարարում էր Իրակլի Ղարիբաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG