Վրաստանի քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ վերացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նոյեմբերի սկզբին կայացրած վճիռը, որն արժանացել էր եվրոպական, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների, արևմտյան կառույցների քննադատությանը:
Վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է նաև «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փաստաբանների միջնորդությունը հեռուստաընկերության գույքն արգելանքից ազատելու վերաբերյալ:
Ըստ Վերաքննիչի որոշման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կարող է կնքել գործարքներ, ստորագրել վարձակալական պայմանագրեր, բայց ոչ ավելի քան 3 ամսով: Ուժի մեջ է մնում արգելանքը հեռուստաընկերության գույքը վաճառելու մասով:
Ընդդիմադիր լրատվամիջոցի համբավ ունեցող «Ռուսթավի 2»-ի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին, Վերաքննիչ դատարանի որոշումը մեկնաբանելով, լրագրողներին ասել է.- «Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է նոյեմբերի 5-ի որոշումը: Դա նշանակում է, որ կվերականգնվեն [հեռուստաընկերության գլխավոր տնօրեն] Նիկա Գվարամիայի և [հեռուստաընկերության ֆինանսական տնօրեն] Կախա Դամենիայի լիազորությունները: Դա նշանակում է, որ ժամանակավոր կառավարիչներ այլևս չեն լինի, և նրանք չեն կարող լինել լիազորված անձինք: Որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ»:
Հայցը ներկայացրած Կիբար Խալվաշիի փաստաբան Պաատա Սալիան Վերաքննիչ դատարանի որոշումից հետո «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը փոխանցել է, թե դատարանի որոշումը «ըստ էության չի փոխել իրավիճակը»: Խալվաշին հեռուստաընկերության նախկին սեփականատերն է, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին կողմնակիցը, այժմ՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի հետ առնչություն ունեցող գործարար է։ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման համաձայն, հեռուստաընկերության բաժնետոմսերը պատկանում են նրան:
Խալվաշին, սակայն, չհասցրեց գործունեություն ծավալել Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռի հիմքով, քանի որ «Ռուսթավի 2»-ի իրավաբանները վճռի հրապարակումից հետո դիմեցին Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել հարցը, թե Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կետը, որ դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, որքանով է համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար նորմին:
Վրաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածը, որը հնարավորություն չի ընձեռում դիմել վերադաս ատյան, հակասում է Սահմանադրությանը։ Այսպիսով «Ռուսթավի 2»-ը հնարավորություն ստացավ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը բողոքարկել Վերաքննիչում:
«Ռուսթավի 2»-ը դատական գործընթացների մեջ հայտնվեց, երբ ընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին հայց ներկայացրեց և պահանջեց վերադարձնել 2006 թվականին վաճառած բաժնետոմսերը: Նա պնդում էր, թե բաժնետոմսերն իրենից գնել են ոչ թե շուկայական արժեքով, այլ առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով: Ընդդիմախոսները Խալվաշիին մեղադրում էին իշխանահաճո քայլեր կատարելու մեջ:
Հեռուստաընկերության ղեկավարությունն ու ընդդիմադիրները կասկած չունեին, որ բարդությունները պայմանավորված են ընտրություններով: Օրեր շարունակ Թբիլիսիում բազմամարդ բողոքի ցույցեր էին տեղի ունենում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհերքելի էր համարում ռուսամետ կողմնորոշմամբ հայտնի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ներգրավվածությունը։ «Եթե Իվանիշվիլիին հաջողվի մուտք գործել «Ռուսթավի 2», դա կլինի այն ծրագրի հաղթանակը, որ 2008-ին չկարողացավ կյանքի կոչել Վլադիմիր Պուտինը` վերջ տալ վրացական ժողովրդավարությանը»,- ասել էր Սաակաշվիլին:
Խալվաշիի փաստաբանը լրագրողներին բացատրել է, որ դեռ շարունակվում են «Ռուսթավի 2»-ի շուրջ դատական վեճերը, և միայն դատական գործերի քննության ավարտին հնարավոր կլինի հստակ գնահատել այսօրվա որոշումը: