Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող ձայնագրությունները պահվում են Երևանում: Երեքշաբթի երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով՝ այդ ձայնագրությունների գոյության և դրանց գտնվելու վայրի մասին իրեն պատմել է Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին՝ առաջարկելով գնել դրանք:
«Նա ինձ ասաց, որ այդ նյութերը պահ է տվել Երևանում, այնտեղ բնակվող իր ընկերոջ տանը: Օրենքի խախտմամբ կատարված այդ ձայնագրություններում, Նացվլիշվիլիի խոսքով, Բիձինա Իվանիշվիլիի զրույցների ձայնագրություններն են: Նա ինձ առաջարկեց գնել դրանք՝ նշելով նաև գինը` մի քանի միլիոն դոլար», - հայտարարում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրենը` հավելելով, թե Իվանիշվիլիին վարկաբեկող այդ տեղեկությունները չէր կարող ձեռք բերել, քանի որ այդքան գումար չուներ:
Ծագած այս սկանդալի ֆոնին Նիկա Գվարամիան հայտարարում է, որ պատրաստ է ներկայանալ դատախազություն և մանրամասնորեն պատմել, թե ինչպես է Նացվլիշվիլին կարողացել նախկին վարչապետին վարկաբեկող գաղտնի ձայնագրություններով հատել հայ-վրացական սահմանը` դրանք տեղափոխելով Երևան:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Նացվլիշվիլին, սակայն, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. - «Լրատվամիջոցները խնդրում են ինձ մեկնաբանել այդ մեղադրանքները: Բայց ինչպե՞ս է հնարավոր մեկնաբանել զառանցանքը: Դա ոչ միայն անպատվաբեր է, այլև արդյունավետ չէ զուտ բժշկական տեսանկյունից»։
Նշենք, որ սա առաջին սկանդալը չէ, որում ներքաշվում է Լաշա Նացվլիշվիլին: Էդուարդ Շևարդնաձեի իշխանության տարիներին Նացվլիշվիլին զբաղեցնում էր անվտանգության փոխնախարարի պաշտոնը: Նա իրավապահ համակարգ էր վերադարձել 2012-ին` ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում էին, որ Իվանիշվիլիի վարչապետության առաջին տարում հենց Նացվլիշվիլին էր, որ համակարգում էր Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ քրեական գործերի հարուցումը: Ընդդիմադիրները Նացվլիշվիլիին նաև ռուսամետության մեջ են մեղադրում: Վրացական լրատվամիջոցների պնդմամբ, 2008-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո, Նացվլիշվիլին հայտարարել էր. - «Երբեմն ես մտածում եմ` իսկ գուցե լա՞վ կլիներ, եթե ռուսները գրավեին Թբիլիսին»: