Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ի դատավարությունը հարուցել է Մարգվելաշվիլի - Ղարիբաշվիլի հեռակա բանավեճ


Վրաստան - Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
Վրաստան - Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր այդպես էլ չհրապարակեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով վճիռը:

Չնայած նախապես շրջանառվող տեղեկություններին` Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր այդպես էլ չհրապարակեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների գլխավոր լրատվական ռեսուրսը համարվող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով վճիռը:

Ողջ օրվա ընթացքում դատավոր Թամազ Ուրթմելիձեն քննում էր «Ռուսթավի 2»-ի դեմ հարուցված հայցը, սակայն օրվա վերջում նա վճռեց գործում առկա մի շարք դրվագների մասին վերջնական որոշումը հրապարակել երկուշաբթի օրը:

Դատական պրոցեսին զուգահեռ երկրի ողջ տարածքում շարունակվում էին հարձակումները ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման գրասենյակների դեմ: Վերջին մի քանի օրերին նման հարձակումների ենթարկվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակները երկրի գրեթե բոլոր մեծ քաղաքներում` Փոթիից մինչև Ախալցխա:

Վաղ առավոտյան էլ անհայտ անձինք կարմիր ներկով լի շշեր էին նետել Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանի» շենքի վրա: Այս ամենի ֆոնին, առավոտյան կայացած կառավարության նիստի ժամանակ, ընդդիմադիրների հասցեին կոշտ քննադատություն հնչեցրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Ազգային միացյալ շարժումն անվանելով քրեական կառույց:

«Վերջին օրերին մենք տարբեր հայտարարություններ ու գնահատականներ ենք լսում, որոնց հեղինակները այդ քրեական կազմակերպության ներկայացուցիչներն են: Այդ մարդիկ, սակայն, հանրության հետ նման տոնով խոսելու որևէ իրավունք չունեն: Նրանք, նախկինում գործած հանցանքների համար ներողություն խնդրելու փոխարեն, շարունակում են բախումներ հրահրել, չեն հրաժարվում նաև քաոսային իրավիճակ ստեղծելու փորձերից», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Սաակաշվիլիի կողմնակիցները դեռ չէին հասցրել պատասխանել երկրի վարչապետին, երբ նրան հակադարձեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին․ - «Սահմանադրության դրույթների պաշտպանությունը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, նախևառաջ՝ երկրի իշխանություններինը: Ցավոք սրտի, վարչապետի այսօրվա հայտարարությունները իրադրությունը լիցքաթափելու փոխարեն է՛լ ավելի բարդացրեցին առանց այդ էլ խնդրահարույց կացությունը»:

«Կոչ եմ անում դատավորին կոշտ և հապշտապ որոշում չկայացնել: Նման քայլը կարող է սրել իրավիճակը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, հակառակը, որոշեց ցուցադրաբար մի կողմ քաշվել «Ռուսթավի 2»-ի հարցում` հետագա որոշման ողջ ծանրությունը թողնելով դատավորի ուսերին․ - «Լրատվամիջոցների ազատության հանդեպ մեր վերաբերմունքը շարունակում է անփոփոխ մնալ: Կառավարության ներգրավվածությունը այս ողջ պատմության մեջ բացառված է: Սա վեճ է երկու անհատների` Միխեիլ Սաակաշվիլիի և գործարար Կիբար Խալվաշիի միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG