Շարմազանով․ ԼՂ հարցում հայկական կողմը ձգտելու է հասնել արժանապատիվ խաղաղության

Հանրապետական կուսակցության խոսնակը կրկին ընդգծեց, որ Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Ալիևն ասում ա՝ Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել անկախ, պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Մենք էլ ասում ենք՝ բարև քեզ, նման բան չկա, պարոն Ալիև, մտքիցդ հանի, որ Ղարաբաղը որևէ կարգավիճակով կլինի Ադրբեջանի կազմում: Սա է հիմնական հարցը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչ նկատի ունի «արժանապատիվ խաղաղություն» ասելով, արդյո՞ք կարգավիճակի դիմաց Ղարաբաղի հարակից 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելը նույնպես տեղավորվում է այդ եզրույթի մեջ, Շարմազանովը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ անժանապատիվ խաղաղությունը նա է, երբ որ մենք հասնենք այն նպատակին, որի համար 88-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս է եկել Ստեփանակերտի փողոցները»:

Նրա փոխանցմամբ՝ բանակցություններում Ալիևը ամեն գնով փորձում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային մաս դարձնել՝ առաջարկելով Նախիջևանի կարգավիճակը․ - «Հենց Նախիջևանը լավագույն օրինակն է, որպեսզի աշխարհն իմանա, որ Ղարաբաղի չի կարող լինել երկրորդ Նախիջևան: Նախիջևանում այսօր մի հատ հայ չի մնացել, բոլորին աքսորեցին: Երկրորդը, Ադրբեջանի ժողովուրդը, Ադրբեջանի իշխանությունը նախևառաջ նույնիսկ հանդուրժող չեն հայկական մշակութային հուշարձաններում: Նոր Ջուղայում տեսաք ինչ տեղի ունեցով․․․ Նրանք անշունչ հուշարձանները, խաչքարներն են քանդում, բա որ շնչավոր հայ տեսնեն, ինչ կանեն»:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյան՝ շեշտելով, որ ստատուս քվոն կփոխվի, եթե իրացվի այդ սկզբունքը:

«Մեզ համար ամենաէական խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Արցախի ժողովուրդը պետք է ունենա իրավունք հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: Սա է հարցերի հարցը», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Շաբաթավերջին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի փոխանցմամբ, երկու նախագահներն էլ մերժում են պատերազմը, նվիրված են բանակցություններին:

Չնայած Ադրբեջանի ղեկավարի հավաստիացումներին, ԼՂ Պաշտպանության բանակը այսօր հաղորդել է, որ անցած գիշեր ադրբեջանական կողմը 14 անգան խախտել է հրադադարի ռեժիմը:

Իսկ երեկ կեսօրից ադրբեջանական բանակը հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ է արձակել նաև Տավուշի մարզում, հրազենային ծանր վիրավորում է ստացել է 19-ամյա Տիգրան Մկրտչյանը: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Մկրչյանը ենթարկվել է վիրահատության, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: