Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել պայմանավորվածություններից


Լեհաստան - Հայաստանի նախագահը և ԱԳ նախարարը ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Վարշավա, 8-ը հուլիսի, 2016թ․
Լեհաստան - Հայաստանի նախագահը և ԱԳ նախարարը ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Վարշավա, 8-ը հուլիսի, 2016թ․

Վիեննայում ձեռք բերված և Սանկտ Պետերբուրգում վերահաստատված պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այդ մասին այսօր Վարշավայում կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ «կարևոր հանդիպումների» գլխավոր թեման հենց սա էր։

«Խոսքը գնում է, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ», - ասաց Նալբանդյանը և շարունակեց․ - «Սա առաջին անգամը չէ։ Գիտեք, որ տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում։ Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին»:

«Երկրորդը նա է, որ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել», - ասաց Նալբանդյանը:

«Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Ե՛վ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, և՛ դրանից առաջ էր նաև հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն և պետք է կատարվեն», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով․ - «Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել»:

Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Նալբանդյանը հավելեց․ - «Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձևացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին: Իհարկե այդպես չէ»:

Պաշտոնական Բաքուն, ըստ նրա, փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ․ - «Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի մաս են կազմում, և, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբող հինգ հայտարարություններում, հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար: Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը և ամեն կերպ խոչընդոտում է որևէ հղում կատարելու անգամ այս հայտարարություններին, որոնք բոլոր այն առաջարկների և հին և նոր գաղափարների հիմք են հանդիսանում` որոշ ինչ-որ ձևակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց այդ առաջարկների էությունը նույնն է։ Դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա, որոնք արել էին եռանախագահող երկրները»:

«Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - ամփոփեց Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG