Մատչելիության հղումներ

Ղարաբաղում սոցհարցում է անցկացվել տարածքների հանձնման վերաբերյալ


Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ուղղակի կապ չի տեսնում Ղարաբաղում օրերս անցկացված սոցիալական հարցումների և ակտիվացող բանակցային գործընթացի միջև:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ուղղակի կապ չի տեսնում Ղարաբաղում օրերս անցկացված սոցիալական հարցումների և ակտիվացող բանակցային գործընթացի միջև:

Հարցումների ընթացքում հնչած հարցադրումների մի մասը վերաբերել են ղարաբաղյան խնդրին, այդ թվում՝ տարածքների վերադարձին: Թե ով է այդ հարցումների պատվիրատուն՝ առայժմ պարզ չէ:

«Ուղղակի որևէ կապ չկա, բայց պարզապես օգտակար է՝ թող շատերը տեսնեն ինչպես է մտածում արցախյան հասարակությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ պնդելով՝ Ղարաբաղի իշխանությունները հարցման հետ կապ չունեն:

Սոցիալական հարցումներին մասնակցած Տիգրան Գրիգորյանը, ով Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ է, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սոցհարցումների համար իրենց տուն այցելած աշխատակիցը առաջարկել է Ղարաբաղյան խնդրին առնչվող տարբեր հարցերի պատասխանել, այդ թվում՝ տարածքների վերադարձման հետ կապված մի քանի տարբերակների շուրջ կարծիք հայտնել:

«Տարբեր տաբերակներ էին առաջարկում՝ տարածքների հանձնման տարբեր սխեմաներ՝ 5+2, 2+5, 7․․․ այսինքն՝ սկզբից հինգ շրջան, հետո երկու շրջան, կամ սկզբից երկու շրջան, հետո հինգ շրջան և այլն: Խնդրում էին կարծիք հայտնել 1-ից 4 սանդղակով՝ 1-ը խիստ բացասական, 4-ը՝ խիստ դրական:

Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ, մեկ այլ ուշագրավ հարցադրում էլ է հնչել՝ ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման դեպքում ժողովրդի հնարավոր ապստամաբության մասին․ - «Ամենահետաքրքրական պահը այդ էր, որ ցանկանում էին իմանալ՝ եթե ղարաբաղյան հակամարտության պարագայում մեզ համար ոչ բարենապաստ որոշում կայացվի, ենթադրաբար՝ տարածքների հանձնման վերաբերյալ է խոսքը գնում, պատրա՞ստ եք արդյոք ապստամբել»:

«Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ն է եղել իր պատասխանն այդ հարցին՝ Գրիգորյանը արձագանքեց․ - «Իհարկե ասացի, որ ոչ միայն ես, այլ նաև Արցախի բնակչության մեծամասնությունը այդպիսի զարգացման պարագայում հանգիստ և սուս ու փուս տանը չեն նստելու և, իհարկե, դուրս են գալու փողոց»:

Տիգրանը Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցհարցումները անցկացրել է IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով:

IPSC ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց ընդհանրապես որևէ մեկնաբանություն անել՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ընկերության էթիկական կանոնագրին:

Նշենք, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ սոցհարցումներ անցկացրել է 2010-ին, շոշափելով կրկին ղարաբաղյան հակամարտության, Ղարաբաղի ներքին վիճակին առնչվող հարցեր, և ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այդ հետազոտության հայաստանյան գործընկերն է վերոհիշյալ IPSC ընկերությունը: Ավելին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը այլ սոցհարցումներ ևս անցկացրել է IPSC-ի հետ համատեղ, մասնավորապես՝ 2013-ի նախագահական ընտրություններից 9 օր առաջ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը ամենամեծն է:

«Սահմանների խնդիրը որոշում է ժողովուրդը, ի՞նչ ապստամբության մասին է խոսքը՝ ժողովուրդն է որոշում հանրաքվեի միջոցով: Ասենք՝ ո՞ւմ դեմ պիտի ապստամբի: Սա այնպիսի խնդիր է, որ նաև Սահմանադրության մեջ ամրագրված է․ եթե հարց է ծագում Արցախի սահմանների փոփոխության հետ կապված, ժողովուրդն է դա որոշում: Իսկ ժողովուրդը հաստատակամ է: Ես չեմ կարծում, որ հիմա այն պահն է, որ ռեֆերենդում պիտի լինի: Այդ հարցը ընդհանրապես, կարծում եմ, շահարկման է ենթարկվում», - հայտարարեց Բաբայանը ու հավելեց, թե պատմությունը ցույց է տվել՝ Արցախի ժողովրդին որևէ բան պարտադրելն անհնար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG