Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր


Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր, փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

«Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Սերժ Սարգսյանը և Ջոն Քերրին անդրադարձել են հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

Հանդիպման սկզբում Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարին` Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG