Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր Վարշավայում ելույթ ունենալով Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող հանդիպման ժամանակ իր ելույթում նշելով, որ «բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը», Հայաստանի նախագահը ասել է․ - «2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է»:

«Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Սարգսյանը:

Ընդգծելով, որ «Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից», նա շարունակել է․ - «Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը: Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG