Հայհոյե՞լ, թե չի հայհոյել հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Հարցն այսօր սկսեց քննել Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը:
Դռնփակ նիստում լսեցին միայն դիմում ներկայացրած լրագրողներին, դիտեցին փետրվարի 19-ին մի քանի լրատվամիջոցների արձանագրած կադրերը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը չասաց՝ հայհոյանք լսե՞լ են, թե՞ ոչ․ դիրքորոշում կհայտնեն ավելի ուշ՝ Մհեր Սեդրակյանի բացատրություններից հետո:
Հանձնաժողովը մի քանի րոպեով դահլիճից դուրս հրավիրեց կանանց՝ դիմումատուներ Լիլիթ Թադևոսյանին և Լիլիթ Լալայանին, որպեսզի, ինչպես Խոսրով Հարությունյանը ձևակերպեց՝ «վերարտադրեն» այն արտահայտությունը, որ Մհեր Սեդրակյանն արել էր Ազգային ժողովի միջանցքում՝ բազմաթիվ լրագրողների և պատգամավորների ներկայությամբ:
«Մենք խնդրել ենք՝ աղջիկները մի պահ դուրս եկան, որպեսզի ներկա գտնվող տղամարդը իր լսածը վերարտադրի», - լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Էթիկայի հանձնաժողով դիմած լրագրողներն ասում են՝ չնայած տարբեր տեսանյութերում արձանագրված է Մհեր Սեդրակյանի հայհոյանքը, Էթիկայի հանձնաժողովի անդամները, բացառությամբ Թևան Պողոսյանի, համառորեն պնդել են, թե չեն լսում այն:
«Բերել էինք երեք տեսանյութ, երկուսը՝ տարբեր լրատվամիջոցների տեսանյութերն էին, որտեղ հստակ երևում է, որ այդ մարդը հայհոյել է», - ասում էին լրագրողներ:
Խոսրով Հարությունյանն ասում է՝ նախքան Մհեր Սեդրակյանին լսելը կփորձեն նաև հարցուփորձ անել միջադեպին ներկա գտնված լրագրողներին: Էթիկայի հանձնաժողովի նախագահը նաև լրագրողներին հանդիմանեց, թե սկանդալի ակնկալիքով՝ անընդհատ նույն պատգամավորներին են հարցազրույցի համար մոտենում:
«Համաձայնեք, որ լրատվամիջոցների դերակատարումը Ազգային ժողովում այդ պատգամավորներին անընդհատ խոսեցնելու մեջ չէ», - ասաց Խոսրով Հարությունյանը:
Էթիկայի հանձնաժողով դիմած լրագրողները կարծում են՝ քննադատության սլաքն իրենց կողմն ուղղելով փորձ է կատարվում քննարկումները շեղել բուն խնդրից:
«Կկարծեն, որ Մհեր Սեդրակյանը ոչ մի բան չի արել, մենք ենք մեղավոր, մենք ենք վատը, որ փորձում ենք հարցազրույց անել», - մեկնաբանեց լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
«Ես այնտեղ ասացի, որ հարգելի հանձնաժողովի անդամներ, բանն այն է, որ դա ընդամենը հետևանք է, իսկ պատճառն այն է, որ նման պատգամավոր է այսօր մեր խորհրդարանում: Կարևոր հանգամանքը այն էր նաև, որ իրենք կարծես թե ուզում են արհամարհել տեսանյութ լինելու հանգամանքը, հիմա պիտի գնան այն լրագրողներին գտնեն, ովքեր լսել են այդ հայհոյանքը, որպեսզի ավելի հավաստիանան: Այսինքն՝ տեսանյութը հիմք չէ իրենց համար», - հավելեց լրագրող Լիլիթ Լալայանը:
Մհեր Սեդրակյանն արդեն երկրորդ անգամ է հայտնվում Էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Առաջին անգամ՝ 2013 թվականին, հանձնաժողովը որոշել է, որ Սեդրակյանը խախտել է պատգամավորի վարվեցողության կանոնները, երբ սպառնացել էր լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը պոկել:
Էթիկայի խախտումների թվով ռեկորդակիրը, մինչդեռ, հանրապետական մեկ այլ պատգամավոր է՝ Առաքել Մովսիսյանը, ում վերաբերյալ հանձնաժողովը 3 որոշում է կայացրել վերջին երեք տարիներին՝ լրագրողներին վիրավորելու, հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու և խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկելու կապակցությամբ:
Պատգամավորների վարքը քննող հանձնաժողովի որոշումների մեծ մասը վերաբերում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներին: