Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ լրագրողների դիմումը մերժելու կամ վարույթ չընդունելու հիմքեր չեն եղել:
«Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` պահանջելով քննել պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով փետրվարի 19-ին հայհոյել էր իրեն հարց տված լրագրող Փայլակ Ֆահրադյանին:
Լրագրողները փետրվարի 23-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ դատապարտելով Սեդրակյանի վարքն ու պահանջելով քննել նրա վարքագիծը Էթիկայի հանձնաժողովում: Դատապարտող հայտարարության տակ ստորագրել էր 168 մարդ, այդ թվում՝ յոթ պատգամավոր։