Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել փետրվարի 19-ին Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Կազմակերպությունները Հանրապետական կուսակցության ղեկավարությունից պահանջում են քննարկել իրենց կուսակցի հարցն ու պատասխանատվության ենթարկել նրան՝ հորդորելով ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը, իսկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից և ՀՀԿ խմբակցությունից պահանջում են հրապարակավ դատապարտել Սեդրակյանի վարքը, ներողություն խնդրել խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներից, ում վիրավորանք է հասցվել, և երաշխիքներ տալ, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։
«Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության և իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի և նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել՝ ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները, դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում», - ասված է հայտարարությունում։
Հայտարարությունը ստորագրած տասը կազմակերպությունների թվում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը։
Հիշեցնենք, անցած ուրբաթ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը «նախիր» է անվանել խորհրդարանի միջանցքում հավաքված լրագրողներին։ Երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։
Լրագրողական կազմակերպություններն ընդգծում են, որ Մհեր Սեդրակյանն առաջին անգամ չէ, որ նման վարք է դրսևորում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ։