Մատչելիության հղումներ

Հանրապետական խմբակցությունում քննարկվել է Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպը


Հանրապետական խմբակցությունում այսօր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպը քննել են և եզրակացրել՝ պատգամավորը չի հայհոյել:

Ինքը՝ Սեդրակյանը, այսօր դուրս գալով խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակից, խորհուրդ տվեց լավ դիտել տեսանյութը:

«Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել», - «Ազատության» այս հարցին Սեդրակյանը պատասխանեց՝ «բայց ինչի՞ համար»: Դիտարկմանը, թե տեսանյութում ակնհայտ է, որ հայհոյում է, հանրապետական պատգամավորը պատասխանեց՝ «լավ կնայեք վիդեոն»:

Թեև տեսանյութում արձանագրված է և պարզ լսվում է, թե ինչպես է Մհեր Սեդրակյանը մի խումբ լրագրողների և պատգամավորների ներկայությամբ հայհոյում, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ հայհոյանք չեն լսել:

«Ինձ թվում է, որ դա եղել է պարզապես բորբոքվածություն: Նման հայհոյանք, բան՝ ինքը ժխտում է, որ դա եղել է։ Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ: Բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես մի քիչ զգոն լինեն իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված, և ամեն ինչը կհարթվի: Նման միջադեպեր լինում են, բնականաբար մենք այդ հարցն էինք իրար հետ քննարկում: Նման հայհոյանքներ, նման տիպի բաներ չի եղել, ես նորից ձայնագրությունը նայեցի»:

Թեև տեսանյութը արդեն հինգ օր է՝ համացանցում է, հանրապետական պատգամավորներից Սամվել Ալեքսանյանն ասաց՝ այն չի դիտել: Ապա, լրագրողների առաջարկով տեղում դիտելով այն, այսպես արձագանքեց․ - «Եթե ես խաբում եմ, շան տղա լինեմ, թե ես լսում եմ: Իրոք՝ շան տղա ըլեմ, թե ես լսում եմ, հորս արև»:

Հանրապետական Նահապետ Գևորգյանը ևս ասաց՝ տեղյակ չէ միջադեպից, տեսանյութը չի դիտել, սակայն վստահ էր՝ իր ավագ ընկեր Մհեր Սեդրակյանը, ով տարիներ առաջ սպառնացել էր լրագրողներից մեկի ծնոտը պոկել, դժվար թե հայհոյեր․ - «Մի կողմից դուք ասում եք, բայց ես իրեն չեմ լսել, չգիտեմ: Երկրորդն էլ՝ դժվար նա վիրավորած լինի, հայհոյած լինի: Չեմ հավատում ես»:

Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, ով միջադեպի ժամանակ Մհեր Սեդրակյանի կողքին էր, և տեսանյութում երևում է, թե ինչպես է հայհոյանքից հետո փորձում իրավիճակը շտկել՝ ասելով՝ «լավ, լավ», այսօր խուսափեց լրագրողների հետ զրույցից:

Մինչ հանրապետականները Ազգային ժողովում հերքում էին տեսանյութում արձանագրվածը, խորհրդարանի դարպասների մոտ լրագրողները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Դատապարտող հայտարարության տակ ստորագրեց 168 հոգի, այդ թվում՝ 7 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ում հայհոյել էր Սեդրակյանը, ասաց՝ ուրբաթ օրը դիմելու է Էթիկայի հանձնաժողով․ - «Հայհոյելու տեսանյութը կա, խորհուրդ կտամ մեկ անգամ ևս ուշադիր նայել: Ես չեմ կարծում, որ ամբողջ խմբակցությունը տեսողության խնդիր ունի: Մեր պահանջն է, որ Մհեր Սեդրակյանի վարքագիծը դառնա քննարկման առարկա՝ նախ Էթիկայի հանձնաժողովում: Այնպես չէ, որ լիակատար վստահում ենք այդ հանձնաժողովին և կարծում ենք, որ կընդունի այնպիսի որոշում, որը կբավարարի մեզ: Դա ուղղակի գործընթաց է, որը մենք կանցնենք: Դատարան ևս դիմելու ենք, դա քննարկվում է մեր փաստաբանների հետ, որպեսզի հայցը կազմվի համապատասխան»:

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ասում է՝ հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է․ - «Դու եթե հասարակական կարգը խախտում ես, դա խուլիգանություն է: Այսինքն՝ նույնիսկ քրեական հետապնդում կարելի է սկսել»:

XS
SM
MD
LG