Իշխանությունը դեմ չէ տեսախցիկների տեղադրմանը

Իշխանությունն այլևս սկզբունքորեն դեմ չէ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, այսօր այս մասին հայտարարեց խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Եթե կլինեն դոնոր կազմակերպություններ, մենք, ընդհանուր առմամբ, դեմ չենք այդ գաղափարին: Սկզբունքորեն դեմ չեմ՝ տեղադրվի, նկարահանվի, ինչ-որ պահոցներում այդ տեղեկատվությունը պահվի, անհրաժեշտության դեպքում, եթե կլինեն բողոքարկումներ, ինչո՞ւ չէ՝ նաև որպես այլ ապացույց և փաստ իրացվի», - «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով․ - «Ես, օրինակ, տեսախցիկներ տեղադրելու առումով՝ դեմ եմ առցանց հետևելուն, որովհետև կարող է նաև ուղղորդված ընտրությունների շատ լուրջ և կոպիտ խախտում գրանցվի՝ տանը նստած դու կարող ես հետևել՝ քո ուղղորդած մարդը գնա՞ց տեղամաս, թե՞ չգնաց, ե՞րբ գնաց, ի՞նչ արեց»:

Սա ընդդիմության և քաղհասարակության 5 գլխավոր պահանջներից մեկն է, որն, ըստ նրանց, թույլ կտա կանխել հնարավոր ընտրակեղծիքներն ու բարձրացնել վստահությունը ընտրությունների նկատմամբ:

Ինչ վերաբերում ընդդիմության և քաղաքացիական հասարակության մյուս 4 առաջարկներին՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը, ընտրողների մատներով նույնականացման համակարգի ներդրմանը կա՛մ մատների թանաքոտմանը, ընտրացուցակների մաքրմանն ու պարզ համամասնական ցուցակի ներդրմանը, ապա, ինչպես տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը, այդ բոլոր առաջարկները կքննարկվեն չորեքշաբթի օրը կայանալիք 4+4+4 ֆորմատով բանակցությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անցած հինգշաբթի նամակով դիմել էր Հովհաննես Սահակյանին, նաև Ազգային ժողովի նախագահին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով «զանգվածային ընտրակեղծարարության վերացման և ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման նպատակով» նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն քաղաքական և հանրային կոնսենսուսի հիման վրա: Զուրաբյանն առաջարկել էր բանակցությունների 4+4+4 ձևաչափը, որտեղ պետք է հավասարապես ներկայացված լինեն խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, թե աշխատանքային խմբում իշխանություններից ընդգրկված կլինի նաև ինքը: Վերջինիս փոխանցմամբ, պարտադիր չէ, որ իշխանությունը ներկայացված լինի հենց 4 անձով, կարևորը՝ բովանդակությունն է:

Հանրապետականը ամեն դեպքում կդիմի նաև գործընկեր Դաշնակցությանը, և եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա նույնպես կընդգրկվեն այդ ձևաչափով քննարկումներում:

«Ձևաչափը պարտադրող ձևաչափ չէ, մենք կարող ենք լինել վեցով, կարող ենք լինել երեքով», - նշեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը, ապա իշխող Հանրապետականը ընդգծում է՝ պատրաստ են ցանկացած ձևաչափով քննարկման ցանկացած հարցի շուրջ՝ երկու բացառությամբ․ - «Չի լինելու քվեարկություններով, կոնսենսուսով ընդունվող որևէ որոշում, և սա չի լինելու միակ ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ընտրական օրենսգիրքը: Ես պատկերացնում եմ հետևյալ ձևով աշխատանքները: Օրինակ՝ տեսախցիկների տեղադրումը․ դա մեզ համար ընկալվո՞ւմ է, որպես սկզբունքային առաջարկ, թե՞ ոչ: Քննարկում ենք, ներկայացնում ենք փաստարկները, որ՝ այո՛, կարող ենք տեղադրել այս, այս, այս դեպքերում, կամ, օրինակ, չենք կարող տեղադրել, որովհետև կունենա այս, այս, այս հետևանքները: Եվ քննարկումների արդյունքում, վստահ եմ, կամ գոնե հուսով եմ, կամ հավատում եմ, որ մենք գալու ենք ընդհանուր եզրահանգման»:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, դեռ խմբի աշխատանքները չմեկնարկած, հայտարարում, թե քննարկումների ընթացքում հարցերը չեն լուծվելու կոնսենսուսով կամ քվեարկությամբ:

«Էդ առաջարկները, որ քաղաքացիականը և ընդդիմադիրները ներկայացնում են, ավելի շատ բովանդակային խնդիրներ չեն, այլ կեղծիքի դեմն առնելու խնդիրներ են: Այստեղ շատ քննարկելու բան էլ չկա: Այսինքն՝ մենք առաջարկում ենք տարբերակներ, որի դեպքում կեղծիքը նվազագույնի ես հասցնում: Դու համաձա՞յն ես, թե՞ համաձայն չես: Սա է խնդիրը: Եվ չարժե էս գլխից գնահատականներ տալ: Թող հավաքվի խումբը, լսեք առաջարկները և տեսնենք՝ ինչ կլինի», - ասում է Արամ Մանուկյանը: